Հոդված 18. Լիցենզավորումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
Հոդված 18. Լիցենզավորումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզիան որոշակի ժամկետով գործունեության հետևյալ տեսակների համար տալիս է կարգավորող մարմինը.
ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում և շահագործումից հանում.
բ) սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված և միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում.
գ) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում` արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում, վերամշակում.
դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում` արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում և կարգաբերում, փոխադրում, պահեստավորում.
ե) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում` փոխադրում, վերամշակում, պահում, թաղում.
զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.
է) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաստում.
ը) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն.
թ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:
2. Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների, հատուկ տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիան տրվում է, եթե ներմուծողն ունի դրանց օգտագործման կամ պահման լիցենզիա:
3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում են տվյալ գործունեությամբ զբաղվելու` լիցենզավորված անձի իրավունքը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն:
Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների կառուցման, շահագործման և շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը կարգավորող մարմինը դրանք քննարկում է ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում:
4. Անվտանգության նոր նորմեր և կանոններ գործողության մեջ մտցնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին ու կանոններին, լիցենզավորված անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել համապատասխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ:
5. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը:
6. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: