Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝
բալաստային բեռներ՝ տրակտորի վրա տեղադրելու համար նախատեսված բեռներ՝ առջևի և (կամ) հետին սռնիները լիաբեռնելու համար.
քարշակման սարքվածք՝ տրակտորի առջևի հատվածում գտնվող տրակտորի կառուցվածքի տարր, որն ապահովում է դրա քարշակման համար նախատեսված հարմարանքների (օրինակ՝ մետաղաձողի կամ քարշակման ճոպանի) միացումը.
շահագործման մեջ դնել՝ փաստաթղթերով ձևակերպված իրադարձություն, որը ցույց է տալիս տրակտորի կամ կցորդի՝ ըստ նշանակության օգտագործվելու համար պատրաստ լինելը.
տրակտորի բարձրություն՝ հեռավորություն, որը չափվում է ուղղաձիգ գծով հենման մակերևույթի և հենման մակերևույթից ամենամեծ հեռավորության վրա գտնվող հենակետի միջև՝ առանց անտենայի։ Բարձրությունը որոշելիս տրակտորը պետք է սարքավորված լինի նոր դողերով, որոնք ունեն արտադրողի կողմից սահմանված ամենամեծ ստատիկ շառավիղը.
տրակտորի երկարություն՝ հեռավորություն, որը չափվում է հորիզոնական գծով՝ ուղղահայաց հարթությունների միջև, որոնք ուղղահայաց են տրակտորի երկայնական առանցքին և անցնում են դրա ծայրակետերով՝ բացառությամբ բոլոր հայելիների, գործարկման բռնակի, առջևի կամ հետին եզրաչափքային լույսերի.
թույլատրելի քարշակվող զանգված՝ զանգված, որը տրակտորը կարող է քարշակել։ Թույլատրելի քարշակվող զանգվածը կարող է ներառել մեկ կամ մի քանի քարշակվող կցորդների զանգվածը, գյուղատնտեսական կամ անտառատնտեսական մեքենաների զանգվածը.
արտադրող՝ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որն իր անունից իրականացնում է տրակտորի, կցորդի կամ բաղադրամասերի արտադրություն և իրացում ու պատասխանատվություն է կրում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին դրա համապատասխանության համար.
ներմուծող՝ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտ, որը Մաքսային միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի փոխանցման վերաբերյալ արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի իրացում և պատասխանատվություն է կրում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին դրանց համապատասխանության համար.
տրակտորի (կցորդի) կատեգորիա՝ տրակտորի (կցորդի) բնութագիր, որը կիրառվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում պահանջները սահմանելու համար.
բաղադրամաս՝ տրակտորի կամ կցորդի բաղկացուցիչ մաս կազմող՝ հավաքման արտադրություն կամ որպես շահագործման մեջ գտնվող տրակտորի կամ կցորդի փոխովի մասեր (պահեստամասեր) մատակարարվող սարքվածք, , որի սերտիֆիկացումը կարող է իրականացվել տրակտորից կամ կցորդից առանձին.
տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի շրջանառություն շուկայում՝ տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում սպառողին (օգտագործողին) անցնելու ընթացակարգեր, որոնց ենթարկվում է տրակտորը, կցորդը կամ բաղադրամասը դրա արտադրումից հետո.
կցորդ՝ տրակտորով քարշակվող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է գյուղատնտեսական կամ անտառատնտեսական նշանակության բեռները տեղափոխելու համար։ Կցորդների թվին են դասվում նաև այն կցորդները, որոնց ուղղաձիգ բեռնվածության մի մասը փոխանցվում է քարշակող տրակտորին (կիսակցորդներ).
դողի գլորման շառավիղ՝ անիվի առաջընթաց արագության երկայնական բաղադրիչի հարաբերակցությունը նրա անկյունային արագությանը.
սերտիֆիկացման փորձարկումներ՝ տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի տիպային նմուշի (նմուշների) փորձարկումներ, որոնց արդյունքների հիման վրա եզրակացություն է արվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի համապատասխանության վերաբերյալ.
տրակտորի լրակազմված և լիցքավորված զանգված՝ տրակտորի զանգվածն աշխատելիս՝ ներառյալ շրջվելու դեպքում պաշտպանիչ սարքվածքը, հովացնող հեղուկով, քսանյութերով, վառելիքով (բաք, որը լցված է անվանական տարողության 90%-ից ոչ պակաս), գործիքի և օպերատորի հետ միասին.
ամրացման սխեմա՝ սխեմա, որի համաձայն տրանսպորտային փոխադրման ժամանակ իրականացվում է բեռնամբարձիչ սարքավորման միակցումը.
տեխնիկապես թույլատրելի քարշակվող զանգված՝ տրակտորն արտադրողի կողմից սահմանված առավելագույն զանգված, որը տրակտորը կարող է քարշակել.
տեխնիկական նկարագիր՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում ներկայացված փաստաթուղթ, որը պարունակում է այն տեղեկությունների ցանկը, որոնք պետք է նշի արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը՝ սերտիֆիկացումն անցկացնելու համար.
տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի տիպ՝ տրակտորներ, կցորդներ կամ բաղադրամասեր, որոնք բնութագրվում են մեկ արտադրողի կողմից պատրաստված տեխնիկական նկարագրերում նշված միևնույն կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ։ Տիպը կարող է ունենալ տարբեր տարբերակներ և տարատեսակներ.
տրակտոր՝ անվավոր կամ թրթուրավոր մեխանիկական տրանսպորտային միջոց, որն ունի երկուսից ոչ պակաս սռնի և 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն արագություն, առավելապես գործադրվում է քարշային ճիգ և հիմնականում նախատեսված է աշխատանքային սարքավորումները քարշակելու, հրելու, փոխադրելու կամ գործի գցելու համար, օգտագործվում է գյուղատնտեսության կամ անտառատնտեսության մեջ.
կցաքարշակային սարքվածք (ԿՔՍ)՝ սարքվածք, որի՝ տրակտորի և կցորդի վրա տեղադրված միացնող տարրերն ապահովում են դրանց միջև մեխանիկական միացումը.
արտադրողի կողմից լիազորված անձ՝ Մաքսային միության անդամ պետության կողմից սահմանված կարգով գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն արտադրողի կողմից նրա հետ կնքված պայմանագրի հիման վրա սահմանվել է համապատասխանությունը հավաստելիս և տրակտորը, կցորդը կամ բաղադրամասը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում տեղավորելիս իր անունից գործողություններ կատարելու համար, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական պահանջներին տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի անհամապատասխանության համար պատասխանատվություն կրելու համար.
տրակտորի լայնություն՝ հեռավորություն, որը չափվել է հորիզոնական գծով տրակտորի երկայնական առանցքին զուգահեռ ուղղահայաց հարթությունների միջև և անցնում է նրա ծայրակետերով՝ բացառությամբ բոլոր հայելիների, շրջադարձի ցուցիչների, առջևի կամ հետին կողային եզրաչափքային լույսերի, արգելակման ազդանշանների, տրակտորի քաշից առաջ եկած դողերի ձևախախտման, հավաքվող տարրերի։ Հավաքվող տարրերի թվին կարող են դասվել, օրինակ՝ ամբարձիչ հենակները։