Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 14-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:».
բ) 4-րդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով.
գ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:».
դ) 7-րդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով, իսկ «դեպքում» բառից հետո շարադրել. «` որպես կանոն եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով».
ե) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ոստիկանությունում միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները` եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:».
զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ մաս.
«9.1. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:».
է) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության և դատախազության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողներ):
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում տվյալ խմբի կոչումից երկու աստիճան ցածր կոչումով պաշտոնի կարող են նշանակվել պահեստազորում կոչում չունեցող անձինք: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:»: