Հոդված 41. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը
Հոդված 41. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը
1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր արտահանում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-24-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-24-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով.
ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխություններ:
զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
(41-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-24-Ն)