Հոդված 111. Մաքսավճարի արտոնությունները
Հոդված 111. Մաքսավճարի արտոնությունները
Մաքսավճարից ազատվում են`
ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար սույն օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող և հետագա ներմուծվող մշակութային արժեքները.
դ) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.
ե) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.
զ) սույն օրենսգրքի 128.1 -ին հոդվածով նախատեսված դրույթների շրջանակներում հայտարարագրված ապրանքները:
(111-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, խմբ., լրաց. 20.05.14 ՀՕ-46-Ն)