Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենսգրքի իմաստով`
ա) ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների.
բ) տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները.
դ) ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք.
ե) արտահանում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.
զ) ներմուծման կամ արտահանման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների և տրանսպորտային միջոցների հատելու պահը.
է) անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցները և պոտենցիալ մասնակիցները.
ը) Հայաստանի Հանրապետության անձինք են համարվում Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.
թ) օտարերկրյա անձինք են համարվում սույն հոդվածի «ը» կետում չնշված անձինք.
ժ) ապրանքներ տեղափոխող անձ է համարվում ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը.
ժա) հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները.
ժբ) փոխադրող է համարվում ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը.
ժգ) մաքսային ռեժիմ է համարվում մաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբը, որը որոշում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը և կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները.
ժդ) բացթողում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սույն հոդվածի «ը» և «թ» կետերում թվարկված անձանց տրամադրելը.
ժե) մաքսային ձևակերպում է համարվում սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը.
ժզ) մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը.
ժէ) ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը.
ժը) մաքսային վճարներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.
ժթ) անհաղթահարելի ուժ է համարվում սույն օրենսգրքի համաձայն անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող` նրա կամքից անկախ գործող և անկասելի ուժը կամ երևույթը.
ի) սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ են համարվում ոչ սակագնային կարգավորման այն միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական և այլ ստանդարտներին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխումը կասեցնելուն.
իա) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ.
իբ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված և վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ.
իգ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում «իբ» կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն.
իդ) թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում.
իե) մնացորդ է համարվում սույն հոդվածի «իդ» կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները.
իզ) ռիսկ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման ժամանակ որևէ դեպք տեղի ունենալու հավանականությունը, որը կապված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային մարմինների կողմից կիրառվող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտման հետ, ինչպես նաև խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության անվտանգության, ներքին շուկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը.
իէ) ռիսկերի կառավարում է համարվում ռիսկերի ծագման հավանականությունը նվազեցնող ու կանխարգելող միջոցների համալիր կիրառումը.
իը) մաքսային հայտարարագրում է համարվում այն գործողությունը, որով հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահայտում է ապրանքները որոշակի մաքսային ռեժիմով հայտարարագրելու իր մտադրությունը.
իթ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող է համարվում այն անձը, որը մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կամ փոխադրման իր կողմից իրականացվող գործողություններով ներգրավված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբերություններում.
լ) լիազորված տնտեսական օպերատորը սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին համապատասխանող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց մաքսային մարմինների կողմից տրամադրվող կարգավիճակ է, որը հաստատվում է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող` լիազորված տնտեսական օպերատորների միասնական էլեկտրոնային գրանցամատյանում այդ անձանց հաշվառմամբ, և որի տրամադրման դեպքում անձը լիազորված է կիրառելու կամ նրա նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով կիրառվում են հատուկ (այդ թվում՝ պարզեցված) ընթացակարգեր.
լա) նախնական որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից տրամադրվող` ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթն է:
(2-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն, 08.12.11 ՀՕ-354-Ն, լրաց., փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)