Հոդված 67.2
Հոդված 67.2.
Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը
1. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն այն իրավաբանական անձն է, որը կազմակերպում է այդ գոտին, ապահովում է գոտում գործունեության համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումը և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կարող են լինել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա։ Նշված իրավաբանական անձինք պետք է ստեղծված լինեն բացառապես ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով։
3. Կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝
ա) տնտեսական գոտու տարածքի ցանկապատումը կամ պարսպապատումը.
բ) տնտեսական գոտու տարածքի պահպանությունը, այդ թվում՝ պահպանիչ և հակահրդեհային համակարգերի միջոցով.
գ) գոտու կազմակերպման կանոնների կատարումը.
դ) տարածքի ցանկապատումը կամ պարսպապատումը.
ե) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների, կապի և այլ միջոցների առկայությունը.
զ) մաքսային մարմնի աշխատողների համար համապատասխան պայմաններ՝ մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու համար.
է) իր կողմից մատուցած ծառայությունների գների ողջամտությունը և համամասնությունն արդյունավետ սպասարկման ծախսերին.
ը) օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ։
4. Կազմակերպիչն իրավունք ունի՝
ա) տիրապետել և օգտագործել գոտի համարվող հողատարածքները.
բ) վարձակալության կամ օգտագործման տրամադրել գոտու տարածքում գտնվող հողատարածքները.
գ) կառուցապատել գոտու տարածքը.
դ) վարձակալության և օգտագործման տալ գոտու տարածքում գտնվող անշարժ գույքը.
ե) գոտում կառուցել և շահագործել ինժեներական ցանցեր և ենթակառույցներ.
զ) իրականացնել այլ գործունեություն, որն անհրաժեշտ է գոտու պատշաճ շահագործումն ապահովելու համար.
է) սահմանափակել ազատ տնտեսական գոտի մտցվող ապրանքների ցանկը, եթե վերջիններս կարող են վնասել գոտում գտնվող այլ ապրանքներին։
(67.2 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)