Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները
Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները
1. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը.
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, բայց չի գերազանցում 300 հազ. դրամը.
գ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 50 կիլոգրամը, բայց ձեռք բերման արժեքը չի գերազանցում 300 հազ. դրամը:
Սույն կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի և սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:
2. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը.
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 300 հազ. դրամը:
Սույն կետի «բ» ենթակետով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի և սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:
4. Սույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:
5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:
6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 183 օրից ավելի:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին պաշտոնապես տրամադրած` տվյալ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր է համարվում սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառելու համար ֆիզիկական անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվան նախորդած 180 օրերի ընթացքում` իր մշտական բնակության երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում` մաքսային մարմին դիմելու օրը:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, ինչպես նաև սույն մասով նախատեսված արտոնության կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6.1. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
8. (մասն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
(105-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն, փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 22.03.06 ՀՕ-43-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-214-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, 21.08.08 ՀՕ-155-Ն, փոփ., լրաց. 08.06.09 ՀՕ-139-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-25-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-94-Ն)