Հոդված 33. Հրաձգարանի գործարկումը
Հոդված 33. Հրաձգարանի գործարկումը
1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային և ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:
2. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է սույն օրենքի պահանջներին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան սարքավորելուց հետո:
3. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է սույն և այլ օրենքներով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատասխան՝ զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա:
4. Հրաձգարանը պետք է տեղակայվի, կառուցվի և հագեցվի այնպես, որ դրա շահագործման ընթացքում ապահովվի հրաձգարանից օգտվողների և շրջակա միջավայրի անվտանգությունը, բացառվի չարտոնված անձանց և կենդանիների մուտքը կրակային տարածք:
5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ և փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաև բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորություն:
6. Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի և գտնվեն բնակելի, պետական, հասարակական և արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա:
7. Այն հրաձգարանները, որոնք օգտագործում են միայն մինչև 7.5 ջոուլ փողային էներգիա և 4.5 մմ տրամաչափը չգերազանցող օդաճնշիչ սարքեր, գործում են առանց հրաձգարան գործարկելու լիցենզիայի, սակայն իրենց գործունեության մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
8. Հրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումներ, պետք է կառուցվեն և սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան:
9. Հրաձգարանում տեսանելի տեղում պետք է փակցվեն անվտանգության կանոնները, ներքին կանոնակարգը և հրաձգության համար պատասխանատու անձանց տվյալները:
10. Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)