Հոդված 4. Անվտանգության պահանջներ
Հոդված 4. Անվտանգության պահանջներ
4.1. Ավտոմոբիլային բենզինը պետք է համապատասխանի ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածում նշված պահանջներին:
4.2. Չի թույլատրվում ավտոմոբիլային բենզինի մեջ մետաղ պարունակող (մանգան, կապար և երկաթ պարունակող) հավելանյութերի օգտագործումը:
Բելառուսի Հանրապետության տարածքում արգելվում է արոմատիկ ամինների (մոնոմեթիլանիլինների) օգտագործումը:
4.3. Ավտոմոբիլային բենզինը կարող է պարունակել ներկանյութեր (բացի կանաչ և կապույտ գույներից) և նշանյութեր:
4.4. Դիզելային վառելիքը պետք է համապատասխանի ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում նշված պահանջներին:
4.5. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Ղրղզստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածով նախատեսված պահանջներին համապատասխանող դիզելային վառելիքի շրջանառության մեջ դնելու (շրջանառության) հետ մեկտեղ թույլատրվում է գյուղատնտեսական և արտաճանապարհային տեխնիկայի համար օգտագործվող դիզելային վառելիքի շրջանառության մեջ դնելը՝ 45-ից ոչ պակաս ցետանային թվով և 2000 մգ/կգ-ից ոչ ավելի ծծմբի զանգվածային մասով և առանց «յուղման ունակություն» և «պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մաս» ցուցանիշների նորմավորման՝ ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածով նախատեսված պահանջների հետ մնացած չափանիշների համապատասխանության պայմանով:
Տվյալ վառելիքը չի թույլատրվում իրացնել ընդհանուր օգտագործման ավտոլցավորման կայանների միջոցով:
4.6. Դիզելային վառելիքում չի թույլատրվում մետաղ պարունակող հավելանյութերի օգտագործումը՝ բացառությամբ հակաստատիկ հավելանյութերի:
4.7. Մազութը պետք է համապատասխանի ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 4 հավելվածով սահմանված պահանջներին։
4.8. Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը պետք է համապատասխանի ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 5 հավելվածով սահմանված պահանջներին:
4.9. Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը չպետք է դրա հատկությունները վատացնող քանակությամբ մակերևութաակտիվ և այլ քիմիական նյութեր պարունակի։
4.10. Ավիացիոն բենզինը պետք է համապատասխանի ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 6 հավելվածով սահմանված պահանջներին:
4.11. 99.5-ից ոչ պակաս օկտանային թվով և 130-ից ոչ պակաս տեսակայնությամբ ավիացիոն բենզինը կարող է պարունակել երկնագույն ներկանյութ:
4.12. Նավերի համար նախատեսված վառելիքը պետք է համապատասխանի ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 7 հավելվածով սահմանված պահանջներին:
4.13. Շրջանառության մեջ դրվող և (կամ) շրջանառության մեջ գտնվող վառելիքի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի որակի մասին փաստաթղթով (անձնագրով):
Անձնագիրը պետք է պարունակի՝
վառելիքի անվանումը և մակնիշի նշագիրը,
պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) կամ ներմուծողի կամ վաճառողի անվանումը, նրանց գտնվելու վայրը (նշելով պետությունը),
տվյալ մակնիշի վառելիքի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթի նշագիրը (առկայության դեպքում),
փորձարկումների նորմատիվային արժեքները և փաստացի արդյունքները, որոնցով հավաստվում է տվյալ մակնիշի վառելիքի համապատասխանությունը ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին,
անձնագրի տրման ամսաթիվը և համարը,
անձնագիրը ձևակերպող անձի ստորագրությունը,
տեղեկություններ՝ համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ,
տեղեկություններ՝ վառելիքում հավելանյութերի առկայության մասին:
4.14. Շրջանառության մեջ դրվող վառելիքի խմբաքանակին կից ուղեկցվող փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և ՄՄ այն անդամ պետության պետական լեզվով, որի տարածքում տվյալ խմբաքանակը գտնվելու է շրջանառության մեջ: