Հոդված 7. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները
Հոդված 7. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները
1. Կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:
2. Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը ներառում է գործառույթը նկարագրող բառը կամ բառերը, ինչպես նաև կարգավիճակն ամրագրող և (կամ) բնորոշող բառը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մարզերում, համայնքներում, վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման անվանումը կարող է ներառել նաև համապատասխան տարածքի անվանումը:
3. Կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
4. Կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Կառուցվածքային ստորաբաժանումները դասակարգվում են երկու տեսակի՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
6. Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ:
7. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են այն գործառույթները, որոնք նպաստում և աջակցում են հիմնական մասնագիտական ստորաբաժանումների գործառույթների իրականացմանը:
8. Կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանման` կանոնադրությամբ այն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: