Հոդված 8. Գրասենյակի կառուցվածքը և կանոնադրությունը
Հոդված 8. Գրասենյակի կառուցվածքը և կանոնադրությունը
1. Գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:
2. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, ցուցումներ և տալիս է հանձնարարականներ:
3. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ տեղակալ: Գրասենյակի ղեկավարի տեղակալը համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում և կատարում գրասենյակի ղեկավարի հանձնարարականները: Գրասենյակի ղեկավարի տեղակալը անմիջական ենթակա և հաշվետու է գրասենյակի ղեկավարին: Օրենքով կարող են սահմանվել գրասենյակի ղեկավարի՝ ենթակա և հաշվետու լինելու այլ պահանջներ:
4. Գրասենյակի անվանումը ներառում է հիմնական գործառույթը նկարագրող բառը կամ բառերը, ինչպես նաև գործունեության բնույթը բնորոշող բառ կամ բառեր: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հիմնական գործառույթը նկարագրող բառերի հետ կարող է ներառվել միայն «գրասենյակ» բառը:
5. Գրասենյակն ունի կանոնադրություն:
6. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության շրջանակները գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է պետական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-3-րդ մասերով սահմանված պահանջները:
7. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:
8. Գրասենյակը իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
9. Գրասենյակի կանոնադրությունը ներառում է`
1) անվանումը,
2) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները,
3) կառավարման և ղեկավարման լիազորությունները,
4) կառուցվածքը:
10. Գրասենյակի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև սույն օրենքին չհակասող այլ դրույթներ: