Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Հանրապետության Նախագահի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները

գործել է մինչև 2020-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հանրապետության Նախագահի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի աշխատակազմն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում աշխատակազմի ղեկավարի միջոցով:

2. Աշխատակազմի ղեկավարը, օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին և խնդիրներին համապատասխան, ղեկավարում է աշխատակազմը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Աշխատակազմի ղեկավարին անմիջական հաշվետու են աշխատակազմի ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, աշխատակազմի ղեկավարի օգնականը:

4. Աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է:

5. Աշխատակազմի ղեկավարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է աշխատակազմի լիազորությունների իրականացման մասնագիտական գործառույթների, ինչպես նաև կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

6. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին և աշխատակազմի ղեկավարի տեղակալներին հանձնարարականներ և ցուցումներ է տալիս աշխատակազմի ղեկավարը:

7. Աշխատակազմի ղեկավարի հրամանով առանձին գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահվել աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալին:

8. Աշխատակազմի ղեկավարը`

1) պատասխանատու է աշխատակազմի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) օրենքով, իրավական այլ ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

4) աշխատակազմին է փոխանցում պաշտոնատար անձի հանձնարարականները.

5) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների ղեկավարների հետ.

6) իրականացնում է աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

7) օրենքով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

8) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

9) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

10) գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

11) հաստատում է աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը.

12) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.

13) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

14) լսում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև գրասենյակների, հաշվետվությունները, քննում է կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի աշխատակազմին կարող է վերապահել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։