Հոդված 4. Բնապահպանական ծրագրի նախագծի մշակումը և հաստատումը
Հոդված 4. Բնապահպանական ծրագրի նախագծի մշակումը և հաստատումը
1. Բնապահպանական ծրագրի նախագիծը կամ բնապահպանական ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերը կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտում համայնքի առաջնահերթությունները։ Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը։
2. Բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումները կամ դրանում համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ։ Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը։
3. Համաձայնություն չի տրվում, եթե՝
1) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսված բնապահպանական և առողջապահական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին.
2) բնապահպանական ծրագրի նախագծի փաթեթում բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
3) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական և առողջապահական միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով բնապահպանական ծրագրի իրականացման՝ համայնքին տրամադրելու համար հաշվարկված մասհանումների չափը.
4) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական և առողջապահական միջոցառումները չեն բխում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներից։
4. Շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրի նախագիծը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին իրավասու է բնապահպանական ծրագիրը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները վերադարձնելու համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում դրանց լրամշակման նպատակով:
5. Համայնքի ավագանու հաստատած և տարածքային կառավարման մարմինների միջոցով համայնքի ղեկավարի ներկայացրած բնապահպանական ծրագրերը և դրանց գծով առաջիկա տարվա պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը ներկայացնում է ֆինանսների ոլորտի լիազոր մարմին:
6. Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսների ոլորտի լիազոր մարմինը, սույն հոդվածի համաձայն ստացված բնապահպանական ծրագրերի հիման վրա, հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն oրենքի 1-ին հոդվածին համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:
7. Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են իրենց ներկայացրած ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվելիք հատկացումների և դրանց չափերի մասին: