Անցնել բովանդակությանը

Հոդված 6. , կետ 1 (քաղաքացիաիրավական) ● Դատարանի մատչելիությունը ● Վարչական շրջանի դատարանի դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթից հետո նրան պաշտոնից վաղաժամկետ ազատելը ● Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ որոշումը դատական կարգով վերանայելու համար դիմելու անկարողությունը ● 6-րդ հոդվածը կիրառելի է ● Դատական վերանայման բացակայությունը բացառապես հիմնավորող ծանրակշիռ պատճառներ չկան ● Դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը խախտված է

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6, կետ 1 (քաղաքացիաիրավական) ● Դատարանի մատչելիությունը ● Վարչական շրջանի դատարանի դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթից հետո նրան պաշտոնից վաղաժամկետ ազատելը ● Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ որոշումը դատական կարգով վերանայելու համար դիմելու անկարողությունը ● 6-րդ հոդվածը կիրառելի է ● Դատական վերանայման բացակայությունը բացառապես հիմնավորող ծանրակշիռ պատճառներ չկան ● Դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը խախտված է

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

6 դեկտեմբերի 2022 թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Սամվել Մնացականյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի դեկտեմբերի 24-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 2463/12),

դիմումատուի՝ դատարանի մատչելիության, ազատորեն արտահայտվելու և խտրականությունից զերծ մնալու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

դիմումատուի այրու և դստեր գրությունը, որով նրանք Դատարանին տեղեկացրել են դիմումատուի մահվան և նրա կողմից ներկայացված գանգատի քննությունն իրենց կողմից շարունակելու իրենց ցանկության մասին,

2021 թվականի նոյեմբերի 23-ին և 2022 թվականի նոյեմբերի 15-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է դիմումատուի՝ դատավորի պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ որոշումը դատական կարգով վերանայելու համար դիմելու ենթադրյալ անկարողությանը։ Դիմումատուն նաև համարել է, որ իրեն պաշտոնից ազատելով խախտվել է ազատ արտահայտվելու իր իրավունքը և այն խտրական բնույթ է կրել։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1956 թվականին և մինչև մահանալը, ինչը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 17-ին, ապրել է Երևանում։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ղազարյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. 2011 թվականի ապրիլի 30-ին ոստիկանությունը ոմն Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրել ավազակության համար։

6. Նույն օրը դիմումատուն, որը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եղել, բավարարել է Ա. Կ.-ին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այդ որոշումը վերաքննիչ բողոքի շրջանակներում թողնվել է անփոփոխ։

7. 2011 թվականի մայիսի 30-ին դիմումատուն բավարարել է Ա. Կ.-ի՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

8. 2011 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանի նախագահը պահանջել է, որ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը (Կարգապահական հանձնաժողով) կարգապահական վարույթ հարուցի դիմումատուի դեմ՝ 2011 թվականի մայիսի 30-ին վերջինիս կողմից կայացված որոշումը պատշաճ կերպով պատճառաբանված չլինելու հիմքով։

9. 2011 թվականի հունիսի 2-ին Կարգապահական հանձնաժողովն ուսումնասիրել է համապատասխան նյութերը և հանգել այն եզրակացության, որ դիմումատուի 2011 թվականի մայիսի 30-ի որոշումը զուրկ է եղել պատշաճ պատճառաբանումներից, և որ նա մասնագիտական ունակությունների բավարար մակարդակ չի դրսևորել։

10. 2011 թվականի հունիսի 13-ին դիմումատուն գրավոր հայտարարություններ է ներկայացրել իր դեմ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ։ Նա պնդել է, inter alia (ի թիվս այլնի), որ ընդունելի չէր տարբերվող կարծիք ունենալու համար դատավորին պատժելը կամ առկա գործելակերպով կամ սովորությամբ առաջնորդվելը, որը կարող էր դիտարկվել որպես կամայական։

11. 2011 թվականի հունիսի 16-ին Կարգապահական հանձնաժողովը դիմել է Արդարադատության խորհրդին՝ պահանջելով կարգապահական տույժ կիրառել դիմումատուի նկատմամբ, քանի որ, իր կարծիքով, նա թույլ էր տվել քրեական դատավարության նորմերի կոպիտ խախտում և դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում։

12. 2011 թվականի հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը լսում է անցկացրել դիմումատուի մասնակցությամբ, որը պատասխանել է Խորհրդի անդամների կողմից իրեն ուղղված հարցերին։

13. Միևնույն օրը Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկելով դիմումատուին ազատել իր պաշտոնից։ Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Քննարկելով [դիմումատուին] կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով [Կարգապահական հանձնաժողովի] անդամի զեկույցը, [և] դատավորի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ապացույցներն ու նյութերը, .... [Արդարադատության] խորհուրդը գտնում է, որ [Կարգապահական հանձնաժողովի] դիմումը պետք է բավարարվի հետևյալ պատճառներով՝

...

[հղում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, Սահմանադրությանը, Դատական օրենսգրքին, Դատական էթիկայի կանոններին, Քրեական դատավարության օրենսգրքին և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին՝ կապված դատարանների՝ իրենց կողմից կայացված որոշումներին բավարար պատճառաբանություններ տալու պարտականության հետ]

...

[Արդարադատության] խորհուրդը գտնում է, որ [դիմումատուն] իր 2011 թվականի մայիսի 30-ի որոշման մեջ չի ներկայացրել որևէ պատճառաբանություն՝ հիմնավորելու համար կալանքը [գրավով] փոխարինելու վերաբերյալ իր կայացրած որոշումը, և փոխարենը որոշման պատճառաբանական մասում նա ընդամենը նշել է պաշտպանության կողմի կողմից ներկայացված փաստարկները և այդ կապակցությամբ [մեղադրանքի կողմի] դիրքորոշումը… Դատարանը չի նշել որևէ փաստական հանգամանք, որը թույլ կտար եզրակացնել, որ 2011 թվականի ապրիլի 30-ի որոշման մեջ նշված կալանքի հիմքերն այլևս գոյություն չունեն։

[Հղում Արդարադատության խորհրդի մեկ այլ որոշման, որտեղ այն համարել է, որ անձին կալանքի տակ պահելու որոշումը եղել է կամայական, քանի որ համապատասխան դատավորը բավարար պատճառներ չի ներկայացրել]

Հաշվի առնելով վերոհիշյալ որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը և այն համեմատելով տվյալ գործի հանգամանքների հետ՝ [Արդարադատության] խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում նույնպես [դիմումատուն] կամայական մոտեցում է ցուցաբերել, քանի որ փաստերի վրա չհիմնված և պատճառաբանություններից զուրկ որոշում կայացնելը կամայականության դրսևորում է՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտով անձը կալանավորվում է, թե ազատվում է կալանքից...

Հաշվի առնելով վերոգրյալը՝ [Արդարադատության] խորհուրդը գտնում է, որ ... [դիմումատուին] չի հաջողվել հիմնավորել դատական որոշումը ... դրանով իսկ թույլ տալով դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում և չի ցուցաբերել մասնագիտական ունակությունների բավարար մակարդակ ... թույլ տալով դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում ...

[Արդարադատության] խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ [Կարգապահական հանձնաժողովի] առջև [դիմումատուի կողմից] բարձրացված փաստարկներին։

Ըստ [դիմումատուի] իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ ինքը գրավի դիմաց ազատ է արձակել ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի:

... կալանքը գրավով փոխարինելու մասին որոշումն ինքնին ... [դիմումատուի] դեմ վարույթ հարուցելու վերաբերյալ [Կարգապահական հանձնաժողովի] որոշման մեջ քննարկման առարկա չի եղել...

Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել անհրաժեշտ մասնագիտական ունակությունների բացակայությունը, ինչը հանգեցրել է դատավորի էթիկայի կանոնների կոպիտ խախտման, ինչպես նաև կամայական մոտեցում ցուցաբերող չպատճառաբանված և չհիմնավորված որոշում կայացնելուն։

...

[Արդարադատության] խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ [դիմումատուի] նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմք է ոչ թե նրա կողմից անձին գրավի դիմաց ազատ արձակելու փաստը, այլ չպատճառաբանված որոշման կայացումը…, ինչը [Արդարադատության] խորհուրդը դիտարկում է որպես կամայականության դրսևորում։

...»։

14. 2011 թվականի հուլիսի 8-ին Փաստաբանների պալատը հրապարակել է դիմումատուին աջակցող հրապարակային հայտարարություն՝ Արդարադատության խորհրդին մեղադրելով դատավորների նկատմամբ իր կարգապահական լիազորությունները խտրականորեն կիրառելու մեջ: Դրանում ընդգծվել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական միջոցների այդպիսի խտրական կիրառման պատճառն Արդարադատության խորհրդի կողմնակալությունն էր՝ հօգուտ մեղադրանքի կողմի։ Փաստաբանների պալատն իր հայտարարության մեջ ներառել է քաղվածքներ այլ դատավորների կողմից կալանք նշանակելու և (կամ) գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշումներից՝ պնդելով, որ այդ որոշումներում պարունակվող պատճառաբանությունները նման էին դիմումատուի կողմից 2011 թվականի մայիսի 30-ին կայացված որոշման մեջ բերված պատճառաբանություններին:

15. 2011 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակել դիմումատուի՝ որպես դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։

16. 2011 թվականի օգոստոսի 24-ին դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով անվավեր կամ ի սկզբանե առոչինչ ճանաչել Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի որոշումը և Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագիրը:

17. 2011 թվականի օգոստոսի 31-ին Վարչական դատարանը մերժել է Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի որոշման դեմ դիմումատուի հայցը վարույթ ընդունելը և Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագրի դեմ նրա հայցը ճանաչել է անընդունելի՝ դատավարական հիմքերով։ Մասնավորապես Վարչական դատարանը նշել է, որ Դատական օրենսգրքի համաձայն՝ Արդարադատության խորհուրդը գործել է որպես դատարան, երբ կայացրել է 2011 թվականի հունիսի 24-ի որոշումը, որը ենթակա չէր բողոքարկման, քանի որ Դատական օրենսգրքով ակնհայտորեն բացառվում էր այդպիսի որոշումների՝ դատական կարգով հետագա վերանայումը։ Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագիրը վիճարկող բողոքին, ապա Վարչական դատարանը համարել է, որ դիմումատուն չի նշել բողոքը հիմնավորող իրավական հիմքերը և նրան տասնհինգ օր ժամանակ է տվել իր բողոքը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

18. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա պնդել է, որ Արդարադատության խորհուրդն ավելի շուտ վարչական մարմին էր, քան դատարան, քանի որ այն չուներ դատարանի համար պահանջվող դատական այնպիսի որակներ, ինչպիսիք էին անկախությունն ու անաչառությունը: Այդ առնչությամբ նա վկայակոչել է այն փաստը, որ Արդարադատության խորհրդում ընդգրկված են եղել չորս իրավաբան գիտնականներ, որոնք պրոֆեսիոնալ դատավորներ չէին։ Նա նաև պնդել է, որ Արդարադատության խորհրդում իրականացվող վարույթով չեն առաջարկվել նույն աստիճանի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք առաջարկում են սովորական դատարանները:

19. 2011 թվականի հոկտեմբերի 12-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։

20. 2011 թվականի նոյեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի:

21. 2011 թվականի դեկտեմբերի 14-ին դիմումատուն կրկին ներկայացրել է իր պահանջն այն մասով, որը վերաբերում էր Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագրին:

22. 2012 թվականի մայիսի 2-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատուի պահանջը՝ համարելով, որ Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագիրն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան, այսինքն՝ Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի որոշման հիման վրա, հետևաբար այն անվավեր ճանաչելու հիմքեր չկային։

23. Նրա հետագա բողոքները 2012 թվականի հոկտեմբերի 24-ին մերժվել են Վճռաբեկ դատարանի կողմից։

24. Դիմումատուի դիմումի հիման վրա 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որում մասնավորապես նշվում է, որ Դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

I. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ա. 1995 թվականի Սահմանադրությունը (2005 թվականի նոյեմբերի 27-ին կատարված փոփոխություններից հետո)

25. Սահմանադրության՝ տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթները շարադրված են հետևյալ բովանդակությամբ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։