Հոդված 16. Պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը, ռեֆերենց (ներառյալ պետական) կայանների ցանցերի միջոցով ծառայությունների մատուցումը
Հոդված 16. Պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը, ռեֆերենց (ներառյալ պետական) կայանների ցանցերի միջոցով ծառայությունների մատուցումը
1. Պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները համարվում են պետական սեփականություն։
2. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն Կոմիտեի թույլտվությամբ։
3. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
4. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, որը պարտավոր է Կոմիտեին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին։
5. Գեոդեզիական և իրական ժամանակում գործող կետերի պահպանության կարգը հաստատում է Կառավարությունը։
6. Պետական ռեֆերենց կայանների ցանցի միջոցով ծառայություններ մատուցում է բացառապես Կոմիտեն՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված վճարի դիմաց:
7. Ռեֆերենց կայանների ցանցի միջոցով ծառայությունների մատուցումն արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի: