Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-21-ից մինչև 2022-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2022-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

գեոդեզիա` երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական և կառավարչական գործունեություն, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.

գեոդեզիական կետ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերը` որոշվող կոորդինատներով և բարձրություններով.

գեոդեզիական ցանց` մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.

գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաև արտադրանքի ստեղծման գործընթաց.

երկրագնդի հեռահար զոնդավորում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

կոորդինատային համակարգ` երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերին կոորդինատներ վերագրելու մաթեմատիկական կանոններ.

մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.

մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

տարածական տվյալներ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձևի և հատկությունների մասին.

տարածական մետատվյալներ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.

քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:

(1-ին հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-109-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։