Հոդված 13. ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում պալատի ղեկավար մարմինը պալատի նախագահությունն է:
2. Պալատի նախագահության անդամները, տնօրենից բացի, աշխատում են հասարակական հիմունքներով:
3. ԱԱՊ-ների նախագահները և ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենն ի պաշտոնե հանդիսանում են ՀՀ ԱԱՊ նախագահության անդամներ:
4. Պալատի նախագահությունը`
ա) ընտրում է պալատի նախագահի տեղակալ(ներ).
բ) հաստատում է նախագահի կողմից ներկայացված պալատի տարեկան ծրագրերն ու ծախսերի նախահաշիվը.
գ) գումարում է պալատի հերթական և արտահերթ համագումարները.
դ) հաստատում է տնօրինության կառուցվածքը և հաստիքացուցակը, գործունեության ուղղությունները.
ե) նախագահի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործադիր տնօրենին.
զ) արտահայտում է պալատի դիրքորոշումը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ.
է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ը) որոշում է կայացնում պալատին կից միջնորդ դատարանի ստեղծման մասին.
թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.
ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:
5. Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ:
6. Նախագահության նիստերի քվորումը նախագահության անդամների երկու երրորդն է:
7. Նախագահության որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը`
ա) հաստատում է ԱԱՊ-ին և ՀՀ ԱԱՊ-ին կից միջնորդ դատարանների կանոնադրությունները, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:
ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:
9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի և (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով և (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:
Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի և (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:
(13-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-118-Ն)