Հոդված 20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունենալը
Հոդված 20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունենալը
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ,
2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ` Կառավարության սահմանած կարգով:
2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց նպատակը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ կնքվող պարտավորագրում նախատեսվում են`
1) իրեն վստահված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի պարտավորությունը,
2) իր իրավասությունների շրջանակին վերաբերող պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի իրազեկ լինելու պարտավորությունը,
3) կողմերի իրավունքները և պարտականությունները,
4) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը,
5) պարտավորագրի գործողության ժամկետը,
6) այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն:
5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան՝ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու երեք ձևի թույլտվություն`
1) հատուկ կարևորության տեղեկություններին առնչվելու թույլտվություն,
2) հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն,
3) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:
6. Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:
7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:
8. Ռազմական դրության ժամանակ, մարտական գործողություններից բխող անհրաժեշտությամբ պայմանավորված, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման գործընթացն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով: