Հոդված 21. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման մերժման հիմքերը
Հոդված 21. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման մերժման հիմքերը
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
3) նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը,
4) ձևակերպում է փաստաթղթեր այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար,
5) ստուգողական միջոցառումների արդյունքով հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ, կամ ստացվել են նրա կողմից այդպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ հավաստի տվյալներ,
6) խուսափում է ստուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ,
7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքին առնչվող օրենսդրությունը խախտելու համար,
8) պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար օրենքով սահմանված կարգով ոչ ռեաբիլիտացնող հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից։
2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին կարող է մերժվել, եթե`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության հանցագործության համար դատվածություն, կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
2) օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի ալկոհոլային խմիչքներից կամ խաղամոլ է,
3) ենթարկվել է վարչական կամ կարգապահական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար,
4) աշխատել է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազոր մարմնի գնահատմամբ, իսկ Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրամադրվող թույլտվության դեպքում՝ Արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ վերջինիս գործունեությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիքներ չի պարունակում,
5) սույն հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը նախկինում դադարեցվել է,
6) սոցիալական, նյութական, տնտեսական և այլ կախվածություն ունի անձից, որը կատարել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող գործողություններ, կամ այդպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ են ստացվել,
7) վերջին երեք տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում,
8) վերջին երեք տարվա ընթացքում դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին,
9) վերջին երեք տարվա ընթացքում ձևակերպել է փաստաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար:
(21-րդ հոդվածը լրաց. 05.03.25 ՀՕ-43-Ն)
(05.03.25 ՀՕ-43-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)