Հոդված 10
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին և 4-րդ հոդվածների:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:
3. Սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին և տարածվում են Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:
4. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից նույն որոշմամբ սահմանված կարգով եռամսյա ժամկետում իր պաշտոնական կայքէջի առանձնացված բաժնում տեղադրում է մինչև Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ իր էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ապահովում է Ցանկի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման և դիտման հնարավորությամբ, իսկ սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին (բացառությամբ դատարանների)` նրանց իրավասության սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:
6. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները (բացառությամբ դատարանների) իրենց իրավասության սահմաններում Ցանկը հրապարակվելուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով երկու տարվա ընթացքում խմբագրում են Ցանկը՝ լրացնելով այն սահմանափակումները, որոնք առկա չեն Ցանկում, սակայն առկա են դրանք կիրառելու հիմքերը, և հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման: Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:
7. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով յուրաքանչյուր եռամսյակ իրենց կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն են ներկայացնում անշարժ գույքի պետական ռեգիստր, որն իրականացնում է ստացված տեղեկատվության հաշվառում՝ դրանում ներառելով նաև իր կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված երկու տարվա ժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրը անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով արգելափակում է Ցանկի խմբագրման հնարավորությունը:
9. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, Ցանկի խմբագրման վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնում են սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններ, որոնք Ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաղորդում են անշարժ գույքի պետական ռեգիստրին:
10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված հաղորդման հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը օրենքի ուժով գրանցում է գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների սահմանափակում, որն իր իրավաբանական ուժը պահպանում է երկու ամիս, եթե մինչև տվյալ ժամկետը լրանալը սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինը չի ներկայացրել սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշում:
11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքները քննարկվում և լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում: Դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. մայիսի 8
Երևան
ՀՕ-145-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: