Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Անվտանգության պահանջները

գործել է մինչև 2020-01-18Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անվտանգության պահանջները

1. Խաղալիքը պետք է մշակված և պատրաստված լինի այնպես, որ այն ըստ նշանակության կիրառելիս վտանգ չներկայացնի երեխաների և նրանց հսկող անձանց կյանքին և առողջությանը և ապահովի ռիսկի բացակայությունը՝

պայմանավորված խաղալիքի կառուցվածքով

պայմանավորված կիրառվող նյութերով

կապված խաղալիքի օգտագործման հետ, որը հնարավոր չէ բացառել խաղալիքի կառուցվածքի փոփոխության և նյութի փոխարինման դեպքում դեպքում՝ չփոփոխելով դրա ֆունկցիան և հիմնական բնութագրերերը։

Խաղալիքներն օգտագործելիս առաջացող ռիսկը պետք է հարաբերակցվի երեխաների տարիքային առանձնահատկությունների հետ։

2. Նյութեր

Այն նյութերը, որոնցից պատրաստված են խաղալիքները, պետք է լինեն մաքուր (առանց աղտոտումների), վարակազերծ և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 1.2 ենթակետում նշված ստանդարտներին։

Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներում չի թույլատրվում բնական մորթու, բնական կաշվի, ապակու, ճենապակու, խավավորված նյութերի (ռետինի, ստվարաթղթի և թղթի), առանց ներքին ծածկոցի 3 մմ և պակաս չափսի խծուծման հատիկների և չխկչխկան խաղալիքներին նման խաղալիքների այնպիսի լցանյութերի կիրառումը, որոնց չափսը խոնավ միջավայրում ավելանում է ավելի քան 5 %-ով։

Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներում չի թույլատրվում 1-ին դասի վտանգավորության քիմիական նյութերի միգրացիան։

Խաղալիքներում չի թույլատրվում գործածության մեջ եղած նյութերի կրկնակի վերամշակման արդյունքում ստացված երկրորդային հումքի կիրառումը։ Խաղալիքների արտադրության համար թույլատրվում է սեփական արտադրության թափոնների կիրառումը։

Խաղալիքների պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթը պետք է լինի կայուն՝ խոնավ մշակման, թքի և քրտինքի ազդեցության նկատմամբ։

3. Խաղալիքները պետք է նախագծված և պատրաստված լինեն այնպես, որ ըստ նշանակության կիրառելիս դրանք վտանգ չներկայացնեն երեխաների և նրանց հսկող անձանց կյանքին և առողջությանը։

3.1. Զգայորոշման ցուցանիշները

Խաղալիքներն՝ ըստ հիգիենիկ անվտանգության զգայորոշման ցուցանիշների, պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին։

3.2. Ֆիզիկական և մեխանիկական հատկությունները

Խաղալիքը և դրա բաղադրիչ մասերը, ներառյալ ամրակման դետալները, պետք է դիմակայեն խաղալիքն ըստ նշանակության օգտագործելիս առաջացող մեխանիկական բեռնվածքների ազդեցությանը, ընդ որում այն չպետք է քանդվի և պետք է պահպանի իր սպառողական հատկությունները։

Խաղալիքների հասանելի եզրերը, սուր ծայրերը, կոշտ դետալները, պարույրները, ամրակման դետալները, արանքները, անկյունները, ելուստները, քուղերը, պարանները և ամրակապերը պետք է բացառեն երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։

Չի թույլատրվում խաղալիքներում հեղուկ լցանյութի արտահոսքը։

Խաղալիքի շարժվող բաղադրիչ մասերը պետք է բացառեն երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։ Շարժաբեր մեխանիզմները պետք է անհասանելի լինեն երեխայի համար։

Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքը և խաղալիքի հանովի դետալները, ինչպես նաև սննդամթերքին անմիջականորեն ամրացվող խաղալիքները պետք է ունենան այնպիսի չափսեր, որ հնարավոր լինի խուսափել վերին շնչուղիներ ընկնելուց։

Փափուկ լցվածքով խաղալիքը չպետք է պարունակի լցանյութում պինդ կամ սուր օտար առարկաներ։ Փափուկ լցվածքով խաղալիքների կարերը պետք է լինեն ամուր։

Սննդամթերքում գտնվող և (կամ) սննդամթերքի հետ մանրածախ վաճառքի ընդունվող խաղալիքը պետք է ունենա սեփական փաթեթվածք։ Այդ փաթեթվածքի չափսերը չպետք է առաջացնեն երեխայի խեղդվելու ռիսկ: Թույլատրվում է պլաստմասսայից, առանց փաթեթվածքի խաղալիքի արտաքին տեղադրումը սննդամթերքի փաթեթվածքի վրա։

Խաղալիքը և դրա բաղադրիչ մասերը պետք է բացառեն երեխայի խեղդվելու հետ կապված ռիսկը:

Խաղի համար նախատեսված՝ ոչ օդաթափանցիկ նյութից պատրաստված դիմակները և սաղավարտները, որոնք ամբողջությամբ ծածկում են երեխայի գլուխը, պետք է մշակված և պատրաստված լինեն այնպես, որ բացառվի խեղդվելու ռիսկը ոչ բավարար օդափոխության հետևանքով։

Ջրի մակերևույթին երեխայի մարմինը պահելու համար նախատեսված խաղալիքը պետք է մշակվի և պատրաստվի այնպես, որ լինի հերմետիկ, ամուր:

Այն խաղալիքը, որի ներսում երեխան կարող է տեղավորվել, և նրա համար փակ տարածություն է ներկայացնում, պետք է ունենա ներսից հեշտությամբ բացվող ելքի անցք, ինչպես նաև օդափոխիչ անցքերով մակերես։

Երեխայի զանգվածը տանող և երթևեկության համար նախատեսված խաղալիքը պետք է լինի ամուր և կայուն (բացի երկանիվ հեծանիվներից)։ Ազատ ընթացքի մեխանիզմ կամ փոխանցման տուփի չեզոք դիրք ունեցող՝ մեխանիկական կամ էլեկտրական շարժաբերով խաղալիքները պետք է ունենան արգելակման սարքավորանք։ Երեխայի մարմնի զանգվածը իր վրա տանող և երթևեկության համար նախատեսված խաղալիքները, որոնցում անիվին շարժումը հաղորդվում է անմիջականորեն երեխայի ձեռքով կամ ոտքով կամ մեխանիկական փոխանցման միջոցով և էլեկտրական շարժաբերով խաղալիքները թույլատրվում է պատրաստել առանց արգելակման սարքավորանքների։ Շղթայական փոխանցմամբ խաղալիքները պետք է սարքավորված լինեն պաշտպանիչ վահանակներով։ Հենարանային մակերևույթները պետք է ունենան վայրասահումը կանխարգելող տարրեր։

Երեխայի զանգվածն իր վրա տանող և երթևեկության համար չնախատեսված խաղալիքը պետք է լինի ամուր և շրջվելու նկատմամբ կայուն։ Կախովի ճոճանակները պետք է ամուր լինեն, մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված ճոճանակների նստատեղերը պետք է ունենան երեխայի ընկնելուն խոչընդոտող կառուցվածք։

Արձակման մեխանիզմի օգնությամբ արտանետվող սարքով խաղալիքը, ինչպես նաև կինետիկական էներգիա ունեցող սարքը պետք է նվազագույնի հասցնեն երեխային և (կամ) նրան հսկող անձին վնասվածքներ պատճառելու ռիսկը:

Մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված կոնստրուկտորներում և հավաքովի մոդելներում զոդվածք չի թույլատրվում։

Տաքացնող տարրեր պարունակող խաղալիքը պետք է պատրաստված լինի այնպես, որ ապահովվեն հետևյալ պայմանները՝

շփման համար մատչելի բոլոր մակերևույթների ջերմաստիճանը դիպչելիս չպետք է հանգեցնի այրվածքների.

ինֆրակարմիր ճառագայթման ինտեգրալ հոսքի ուժգնության մակարդակը պետք է համապատասխանի Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին,

խաղալիքում պարունակվող հեղուկները, գոլորշիները կամ գազերը, որոնք հեռացնելիս (եթե տվյալ հեռացումը անհրաժեշտ է խաղալիքը գործարկելու համար) կարող են առաջացնել այրվածքներ կամ այլ վնասվածքներ, չպետք է ունենան ջերմաստիճանի կամ ճնշման բարձր արժեքներ:

Թրթռման աղբյուր ունեցող խաղալիքներում տեղային թրթռման մակարդակը, հնչյունավորված խաղալիքներում ձայնի մակարդակը պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

Չի թույլատրվում չխկչխկան-խաղալիքների և երեխայի բերանի հետ շփվող խաղալիքների մակերեսային գունավորումը և նախշազարդումը։

Սեղանի տպագիր խաղալիքներում տեքստը և նկարները պետք է լինեն հստակ և հակադիր հիմնական ֆոնի նկատմամբ։ Չի թույլատրվում թղթի և ստվարաթղթի վրա ներկերի մրոտումը։

Օպտիկական խաղալիքը պետք է մշակված և պատրաստված լինի այնպես, որ նվազագույնի հասցվի երեխայի տեսողության շտկման հետ կապված ռիսկը։

Լուսադիոդների օգտագործմամբ խաղալիքները չպետք է բացասական ազդեցություն ունենան երեխայի տեսողական օրգանների վրա, ստեղծեն վնասակար ճառագայթումներ։

Խաղալիքներում արգելվում է բոլոր տեսակի լազերային ճառագայթման համակարգերի օգտագործումը։

3.3. Բոցավառելիություն

Փափուկ լցվածքով խաղալիքները, կառնավալային կոստյումները և կառնավալային խաղալիքային արտադրատեսակները (օրինակ՝ մորուքները, բեղերը, կեղծամները, դիմակները, թագերը), ինչպես նաև այն խաղալիքները, որոնցում կարող է տեղավորվել երեխան, պետք է լինեն հրդեհաանվտանգ։

Քիմիական նյութեր ներառող և քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերին չվերաբերող խաղային լրակազմը չպետք է պարունակի նյութեր կամ ռեակտիվներ, որոնք խառնման դեպքում կարող են բոցավառվել, ինչպես նաև առաջացնել վնասակար գոլորշիներ կամ գազեր։

Խաղալիքը չպետք է լինի պայթյունավտանգ կամ պարունակի բաղադրիչ մասեր (նյութեր, նյութեղեն), որոնք խաղալիքն օգտագործելիս դառնում են պայթյունավտանգ:

Խաղալիքը, ներառյալ քիմիական խաղալիքները, չպետք է պարունակի նյութեր կամ ռեակտիվներ, որոնք՝

կարող են առաջացնել պայթուցիկ խառնուրդներ տաքացման, ինչպես նաև օքսիդացնող նյութերի հետ միացնելու դեպքում առաջացող ռեակցիայի հետևանքով,

կարող են առաջացնել օդի հետ գոլորշիների բոցավառվող կամ պայթունավտանգ խառնուրդներ։

3.4. Քիմիական հատկությունները

Խաղալիքն օգտագործելիս անհրաժեշտ է նվազագույնի հասցնել առողջությանը վնաս հասցնելու ռիսկը քիմիական նյութերի՝ շնչուղիներ, մաշկի, լորձաթաղանթի, աչքերի կամ ստամոքսի մեջ ընկնելու հետևանքով:

Խաղալիքներից քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը և անջատումը պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված հիգիենիկ անվտանգության պահանջներին։

Քիմիական խաղալիքներում և քիմիական նյութեր ներառող և քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերին չվերաբերող խաղային լրակազմերում թույլատրվում է նյութերի կամ ռեակտիվների որոշակի քանակության կիրառումը, եթե դրանց պարունակությունը չի գերազանցում յուրաքանչյուր նյութի համար սահմանված առավելագույն թույլատրելի քանակությունը։

3.5. Թունաբանահիգիենիկ ցուցանիշները

Խաղալիքների հիգիենիկ անվտանգության թունաբանահիգիենիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին։

3.6. Էլեկտրական հատկությունները

Էլեկտրական խաղալիքում, ինչպես նաև դրա բաղադրիչ մասերից ոչ մեկի վրա անվանական լարումը չպետք է գերազանցի 24 Վ։

Էլեկտրական էներգիայի աղբյուրի հետ շփվող կամ շփվելու կարողություն ունեցող խաղալիքների դետալները, ինչպես նաև մալուխները, հաղորդալարերը պետք է լինեն մեկուսացված և մեխանիկորեն պաշտպանված էլեկտրական հոսանքից վնասվելու ռիսկը բացառելու նպատակով։

Ռադիոկառավարվող, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական խաղալիքների էլեկտրաստատիկ, էլեկտրամագնիսական և էլեկտրական դաշտերի լարման մակարդակները պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված հիգիենիկ անվտանգության պահանջներին։

Թռչող խաղալիքների համար նախատեսված լարերը պետք է լինեն ոչ մետաղական և ունենան դիէլեկտրիկ հատկություններ:

3.7. Ճառագայթային անվտանգություն

Բնական մետաղներից պատրաստված խաղալիքների ճառագայթային անվտանգության ցուցանիշները (բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվություն) պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված հիգիենիկ անվտանգության պահանջներին։

3.8. Միկրոկենսաբանական ցուցանիշները

Խաղալիքների հիգիենիկ անվտանգության միկրոկենսաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում սահմանված պահանջներին։

3.9. Մագնիսական հատկությունները

Խաղալիքների չամրացված մագնիսները և մագնիսային տարրերը պետք է ունենան 0,5 Տլ.2 մմ.2-ից ոչ ավել մագնիսական հոսքի հաշվարկային ցուցանիշ կամ այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և դրանք կուլ տալը։

4. Փաթեթվածքը

Փաթեթվածքը պետք է լինի անվտանգ և բացառի երեխայի խեղդվելու հետ կապված ռիսկը։

Խաղալիքը պետք է ունենա սպառողական և (կամ) խմբային փաթեթվածք։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի N 12 որոշման խմբագրությամբ)

Եթե այն փաթեթվածքը, որով խաղալիքն իրացվում է, նույնպես նախատեսված է օգտագործման համար, ապա այն դիտվում է որպես խաղալիքի բաղադրիչ մաս։ Փաթեթվածքի կիրառման ոլորտը որոշում է պատրաստողը։

5. Մակնշումը

5.1. Խաղալիքների մականշվածքը պետք է լինի հավաստի, ստուգելի, հստակ, դյուրընթեռնելի, մատչելի ինչպես զննման, այնպես էլ նույնականացման համար։

5.2. Մակնշումը կատարվում է պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) և ներմուծողի կողմից։

Մակնշման կատարման տեղը և եղանակը որոշվում են պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) և ներմուծողի կողմից։

5.3. Մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

- խաղալիքի անվանումը,

- երկրի անվանումը, որտեղ պատրաստվել է խաղալիքը,

- պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի անվանումը և գտնվելու վայրը, տեղեկություններ նրանց հետ կապ հաստատելու համար,

- պատրաստողի ապրանքային նշանը (առկայության դեպքում),

- երեխայի նվազագույն տարիքը, որի համար նախատեսված է խաղալիքը կամ երեխայի տարիքը նշող պատկերագիր,

- հիմնական կառուցվածքային նյութը (մինչև 3 տարեկան երեխաների համար) (անհրաժեշտության դեպքում),

- խաղալիքի խնամքի եղանակները (անհրաժեշտության դեպքում),

- պատրաստման ամսաթիվը (ամիս, տարի),

- ծառայության կամ պիտանելիության ժամկետը (դրանք որոշելու դեպքում)

- պահպանման պայմանները (անհրաժեշտության դեպքում)։

5.4. Կախված խաղալիքի տեսակից՝ մականշվածքի բովանդակությունը ներառում է՝ լրակազմությունը (հավաքակազմերի համար), խաղալիքի շահագործման կանոնները, հիգիենիկ մշակման եղանակները, խաղալիքի հետ վարվելիս անվտանգության միջոցները, նախազգուշացնող գրությունները, հավաքման մասին հրահանգը։

Նախազգուշացնող տեղեկատվությունը պետք է պարունակի ցուցում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածին համապատասխան օգտագործելիս հատուկ նախազգուշական միջոցների վերաբերյալ։

6. Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրությունում (օրենսդրություններում) համապատասխան պահանջների առկայության դեպքում խաղալիքի հետ լրակազմով մատակարարվող մականշվածքը և տեխնիկական փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։