Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 36. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանն ուղղված իրավախախտումները (հակամրցակցային համաձայնությունները), որոնք արտահայտվել են՝
- խտրական գների սահմանմամբ,
- ապրանքային շուկայում գների բարձրացմամբ կամ իջեցմամբ,
- շուկայի բաժանմամբ տարածքային սկզբունքով` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների շրջանների,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով կամ շուկայից նրանց դուրս մղելով՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:
3. Գերիշխող դիրքի չարաշահումը, որն արտահայտվել է՝
- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանմամբ, օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ,
- առևտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ՝ ի վնաս սպառողի շահերի, այդ թվում՝ արհեստական պակասորդի ստեղծմամբ՝ արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով,
- որոշակի գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ,
-պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների կատարման պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ,
- տնտեսական լծակների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի պարտադրմամբ,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով:
5. Անբարեխիղճ մրցակցությունը, որն արտահայտվել է`
- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկմամբ,
- հասարակության մոլորեցմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասմամբ,
- չբացահայտված տեղեկատվության նկատմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հազարապատիկի չափով:
6. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հինգհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի երկուհազարապատիկի չափով:
7. Հանձնաժողովի աշխատակիցների վրա սույն օրենքով և Հանձնաժողովի կանոնադրությամբ դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի մինչև հարյուրապատիկի չափով:»: