Հոդված 20. զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը և ժառանգումը
Հոդված 20. զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը և ժառանգումը
1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն`
ա) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-277-Ն)
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.
դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.
ե) Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:
1.1. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Արտաքին հետախուզության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
1.2. Պետական պահպանության ծառայության ծառայողներին երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Պետական պահպանության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգևատրում է վարչապետը:
2. Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
3. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:
3.1. Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությամբ:
3.2. Որպես պարգև տրված զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգևատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու և նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
4. Զենքով պարգևատրելու կարգը և որպես պարգև տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:
5.1. Որպես պարգև տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:
6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:
7. Որպես պարգև տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգև տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:
8. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250 հոդվածով սահմանված կարգով:
(20-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-509-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, խմբ. 17.09.09 ՀՕ-170-Ն, լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-46-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-605-Ն, փոփ., լրաց. 23.12.22 ՀՕ-620-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)