Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 15.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15.1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն
1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ղեկավարում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:
2. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝
1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
3) հաստատում է գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգը, դրա հիման վրա իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բյուջետային գործընթացը.
5) ստեղծում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ և կազմակերպում է դրանց աշխատանքները.
6) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.
7) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
8) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
9) հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
10) հաստատում է ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները հրապարակելու համար սահմանվող գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու չափանիշները.
11) իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով կարող է ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցութային հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ինչպես նաև կարող է ձևավորել մասնագիտական և խորհրդակցական մարմիններ` հաստատելով դրանց աշխատակարգը և անվանական կազմը:»: