Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունը
1. Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:
2. Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝
1) առաջարկություններ ներկայացնելու պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.
2) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման և խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացնելու տարածքների, շենքերի, կառույցների, շինությունների և այլ օբյեկտների հետազոտություններ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստուգումներ.
3) մասնակցելու շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության (տեղաբաշխման), ինչպես նաև ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.
4) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար մշակելու և առաջարկելու լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.
5) հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց և քաղաքացիներին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու և իրացումը դադարեցնելու մասին.
6) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝
ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.
7) սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա կապարակնքելու (կնքելու) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ.
8) հրդեհային անվտանգության պահանջների և կանոնների խախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառելու պատասխանատվության միջոցներ:
3. Հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր, ինչպես նաև հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման և շահագործման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի մշակումն իրականացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը:
4. Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները:
5. Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչները կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա՝ տեսչական մարմինը:
6. Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակում կայացվող որոշումները, ցուցումները, կարգադրությունները և այլ իրավական ակտերի պահանջները պարտադիր են պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
7. Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները և կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար՝ նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»: