«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2005 թ. N 141-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ 100-ԱՄՅԱԿ», «ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ», «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿ» ԵՎ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ 1400-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2005 թվականի մայիսի 10-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշմամբ թողարկված 10000 դրամ անվանական արժեքով «Արշիլ Գորկու100-ամյակ» ոսկե և100 դրամ անվանական արժեքով «Գանձասարի վանք» արծաթե հուշադրամները: Հուշադրամների նկարագրությունը ներկայացվում է համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. 2005 թվականի հունիսի 10-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշմամբ թողարկված 10000 դրամ անվանական արժեքով «Մարտիրոս Սարյանի 125-ամյակ» ոսկե և 100 դրամ անվանական արժեքով «Անանիա Շիրակացու 1400-ամյակ» արծաթե հուշադրամները: Հուշադրամների նկարագրությունը ներկայացվում է համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2005 թ. ապրիլի 1
Երևան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 29-ի
թիվ 141-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արշիլ Գորկու ծննդյան 100-ամյակին նվիրված 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Արշիլ Գորկու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ թողարկել է ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արշիլ Գորկու կտավից մի դրվագ, որտեղ նա պատկերել է իրեն՝ մոր հետ: Եզրաշուրթի մոտ շրջանաձև մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դաշտի ձախ մասում երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է համապատասխանաբար՝ «10000» և «ԴՐԱՄ»: Ներքևի աջ մասում նշված է թողարկման տարեթիվը՝ «2004»:
Հուշադրամի դարձերեսին Արշիլ Գորկու դիմապատկերն է: Վերևում զրաշուրթի մոտ շրջանաձև վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար՝ «ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ» և «ARSHILE GORKY»: Դիմապատկերից ձախ երկու տողով և հորիզոնական գծիկով տարանջատված նշված են Արշիլ Գորկու ծննդյան և մահվան տարեթվերը համապատասխանաբար՝ «1904» և «1948»: Դիմապատկերից աջ նշված է դրամահատարանի առևտրային նիշը:
Հուշադրամի դիմերեսի և դարձերեսի եզրաշուրթն ուռուցիկ է:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը՝ 10000 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի, 999.0
Զանգվածը՝ 8,6 գ
Տրամագիծը՝ 22,0 մմ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Որակը՝ պրուֆ
Տպաքանակը՝ 1000 հատ
Հուշադրամը տեղադրված է գունավոր պատկերազարդ գրքույկում: Հուշադրամի ձևավորումը կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը, իսկ գրքույկի ձևավորումը՝ Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը պատրաստվել է Նիդեռլանդների թագավորական դրամահատարանում:
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գանձասարի վանքին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամ՝ նվիրված Գանձասարի վանքին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գանձասարի վանքի քանդակներից մեկը՝ խաչի տեսքով: Խաչի պատկերից աջ նշված է դրամահատարանի առևտրային նիշը: Պատկերի ներքևի մասում նշված է անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ»: Խաչի պատկերը և անվանական արժեքը եզերված են գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջանաձև հայերեն մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2004»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Գանձասարի վանքը: Պատկերի վերևի մասը եզերված է գծավոր շրջանագծի հատվածով: Շրջանագծի հատվածի և եզրաշուրթի միջև հայերեն և անգլերեն մակագրված է՝ «ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ GANDZASAR MONASTERY»:
Հուշադրամի դիմերեսի և դարձերեսի եզրաշուրթն ուռուցիկ է:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի, 999.0
Զանգվածը՝ 31,1 գ
Տրամագիծը՝ 38,0 մմ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Որակը՝ պրուֆ
Տպաքանակը՝ 500 հատ
Հուշադրամը տեղադրված է գունավոր պատկերազարդ գրքույկում: Հուշադրամի և
գրքույկի ձևավորումը կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը պատրաստվել է Նիդեռլանդների թագավորական դրամահատարանում:
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 29-ի
թիվ 141-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ թողարկել է ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Մարտիրոս Սարյանի կտավից մի դրվագ՝ Արարատ լեռան պատկերով: Պատկերից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է համապատասխանաբար՝ «10000» և «ԴՐԱՄ»: Պատկերը և անվանական արժեքի մակագրությունը եզերված են գծային շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև
շրջանաձև մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»:
Հուշադրամի դարձերեսին Մարտիրոս Սարյանի դիմապատկերն է: Դիմապատկերից աջ նշված է դրամահատարանի առևտրային նիշը: Դիմապատկերը եզերված է գծային շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջանաձև վերևում հայերեն և անգլերեն մակագրված է՝ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ MARTIROS SARIAN», իսկ ներքևում՝ նշված են ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1880-1972»:
Հուշադրամի դիմերեսի և դարձերեսի եզրաշուրթն ուռուցիկ է:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը՝ 10000 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի, 999.0
Զանգվածը՝ 8,6 գ
Տրամագիծը՝ 22,0 մմ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Որակը՝ պրուֆ
Տպաքանակը՝ 1000 հատ
Հուշադրամը տեղադրված է գունավոր պատկերազարդ գրքույկում: Հուշադրամի և գրքույկի ձևավորումը կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը պատրաստվել է Նիդեռլանդների թագավորական դրամահատարանում:
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամ՝ նվիրված Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին երկիր մոլորակի, լուսնի, արեգակի և տիեզերքի հատվածի պատկերներն են: Պատկերների ներքևի մասում նշված է անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ»: Պատկերները և անվանական արժեքը եզերված են գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջանաձև հայերեն մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»:
Հուշադրամի դարձերեսին Անանիա Շիրակացու պատկերն է դեպի աջ, որի աջ ձեռքում մոլորակի մոդելն է: Պատկերից աջ երկու տողով մակագրված է համապատասխանաբար՝ «1400» և «ԱՄՅԱԿ»: Մակագրությունից ներքև նշված է դրամահատարանի առևտրային նիշը: Դաշտի աջ մասը եզերված է գծավոր շրջանագծի հատվածով: Շրջանագծի հատվածի և եզրաշուրթի միջև շրջանաձև անգլերեն և հայերեն մակագրված է՝ «ANANIA SHIRAKATSI ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:
Հուշադրամի դիմերեսի և դարձերեսի եզրաշուրթն ուռուցիկ է:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի, 925.0
Զանգվածը՝ 31,1 գ
Տրամագիծը՝ 40,0 մմ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Որակը՝ պրուֆ
Տպաքանակը՝ 500 հատ
Հուշադրամը տեղադրված է գունավոր պատկերազարդ գրքույկում: Հուշադրամի դիմերեսի և գրքույկի ձևավորումները կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը, իսկ հուշադրամի դարձերեսինը՝ Մարինա Մակարյանը: Հուշադրամը պատրաստվել է Նիդեռլանդների թագավորական դրամահատարանում: