Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Հատուկ առաքումը փոստով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեատերերին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հատուկ առաքումը փոստով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեատերերին

1. Ուղարկողն առաքվող փաստաթղթերը փոստային կապի ազգային օպերատորին է հանձնում բաց փաթեթով, առանց ծրարի: Առաքվող փաթեթն ընդունող փոստային ծառայողն առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի յուրաքանչյուր էջին փակցնում է լիազոր մարմնի սահմանած նմուշի համարակալված դրոշմանիշ, լրացնում է հանձնման/ստացման ծանուցագիրը (այսուհետ` ծանուցագիր) և ուղարկողին տալիս է հատուկ առաքման անդորրագիր: Ծանուցագրի և անդորրագրի ձևերը, ծանուցագրի լրացման կարգը, ինչպես նաև համարակալված դրոշմանիշների հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Եթե առաքվում է նոտարի կողմից վավերացված կարված փաստաթուղթ, ապա համարակալված դրոշմանիշը դրվում է փաստաթղթի միայն առաջին էջում:

3. Հատուկ առաքման անդորրագիրը պետք է պարունակի`

1) առաքման ամսաթիվը.

2) հասցեատեր իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը և հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը, իսկ հասցեատեր ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, ըստ ցանկության՝ հայրանունը, ինչպես նաև հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը.

3) ուղարկողի անվանումը և հասցեն, իսկ ուղարկող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն.

4) հանձնված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը).

5) դրոշմանիշների համարները.

6) առաքման փաթեթն ընդունող փոստային ծառայողի նույնականացման համարը և ստորագրությունը.

7) գանձվող գումարի չափը.

8) առաքվող փաթեթի քաշը:

4. Ծանուցագրում նշվում են`

1) առաքման ամսաթիվը.

2) հատուկ առաքման անդորրագրի համարը.

3) հասցեատեր իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը և հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը, իսկ հասցեատեր ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը.

4) ուղարկողի անվանումը և հասցեն, իսկ ուղարկող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն.

5) հանձնված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը).

6) դրոշմանիշների համարները.

7) փոստային կապի ազգային օպերատորի սահմանած այլ տեղեկություններ:

5. Նախքան փաթեթի հանձնումը փոստատարը հավաստիանում է, որ փաթեթն հանձնվում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված անձին և այդ մասին նշում է կատարում ծանուցագրի վրա` նշելով իրեն ներկայացված` անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

6. Առաքման փաթեթն ստացող անձը ծանուցագրի վրա անձամբ նշում է իր անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը), դրոշմանիշների համարները, որից հետո ստորագրում է ծանուցագիրը և այն վերադարձնում փոստատարին:

7. Հասցեատիրոջ` փաթեթը ստանալուց հրաժարվելու կամ սխալ կամ թերի հասցեի դեպքում համապատասխան նշում է կատարվում հետվերադարձի տեղեկանքի վրա: Առաքման փաթեթը, ծանուցագիրը և հետվերադարձի տեղեկանքը սահմանված կարգով վերադարձվում են ուղարկողին: Հասցեատիրոջ` փաթեթը ստանալուց հրաժարվելու դեպքում հետվերադարձի տեղեկանքում նշում է կատարվում հրաժարվելու պատճառի մասին:

8. Հասցեատեր ֆիզիկական անձի` նշված հասցեից բացակայելու դեպքում ձեռնարկվում են փոստային կապի ազգային օպերատորի սահմանած միջոցները` հասցեատիրոջն առաքման փաթեթը հանձնելու համար: Եթե փաթեթն առաքելու համար փոստային բաժանմունք հանձնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում չի հաջողվում հանձնել հասցեատիրոջը, ապա հետվերադարձի տեղեկանքի վրա համապատասխան նշում է կատարվում: Առաքման փաթեթը, ծանուցագիրը և հետվերադարձի տեղեկանքը սահմանված կարգով վերադարձվում են ուղարկողին:

9. Հասցեատեր իրավաբանական անձին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին հանձնումը պետք է կատարվի աշխատանքային օրերին` աշխատանքային ժամերի ընթացքում: Ընդունող անձի բացակայության դեպքում փոստային կապի ազգային օպերատորը ձեռնարկում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված գործողությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։