Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 45.6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգով արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի ֆինանսական և գույքային վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաև այլ պահանջներ:».

2) 6-րդ մասի 1-ին կետի «ունեն դատվածություն» բառերը փոխարինել «դատապարտվել են» բառերով, իսկ 2-րդ կետի «տառապում են թմրամոլությամբ» բառերը՝ «ունեն թմրաբանական հիվանդություններ» բառերով.

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու և թմրաբանական հիվանդությունների բացառման վերաբերյալ տեղեկությունները:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-16-րդ մասերով.

«8. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրաբանական հիվանդությունների առկայությամբ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ:

9. Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաև լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը ստացված հայտերը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններ: Շահագրգիռ պետական մարմինները, ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով, ներկայացնում են դրանց վերաբերյալ դիրքորոշում:

11. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով, և ներկայացնում համապատասխան դիրքորոշում:

12. Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում:

13. Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները, որոնց լրացուցիչ չափանիշները կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը:

15. Լիցենզիայի գործողությունը կարող է սկսվել լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում: Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչև երկու տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:

16. Եթե երկու տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով լիցենզավորող մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում՝ անկախ տվյալ լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու հանգամանքից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։