Հոդված 10. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը և արտահանումը
Հոդված 10. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը և արտահանումը
1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական`
1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու մարմնի տրամադրած սերտիֆիկատով և պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևով սահմանված ամբողջ տեղեկատվությունը.
2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային և ուտելի բույսերը պետք է մակնշված և պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ընդունված պահանջներին և նորմերին համապատասխան.
3) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի:
2. Եթե ներմուծվող օրգանական գյուղատնտեսական մթերքը համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ու «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ենթարկվել է կարանտին այնպիսի միջոցառումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջներին, ապա ներմուծվող խմբաքանակը կորցնում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերք համարվելու կարգավիճակը:
3. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ լիազոր մարմինը իրավասու է՝
1) պահանջելու տեղեկատվություն այն նյութերի, միջոցների և մեթոդների մասին, որոնք կիրառվել են արտահանող երկրում, եթե բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը.
2) սպառողների շրջանում մոլորության բացառման նպատակով պահանջելու, որ արտահանող երկրում օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը, դեղաբույսերը և ուտելի բույսերը մակնշվեն և պիտակավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա:
5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին և նորմերին:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-47-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-237-Ն)