Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
սերմեր` բույսերի սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ բույսի առանձին մաս.
սերմնաբուծություն` բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, պահպանության, առևտրի, օգտագործման, սորտային պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշների որոշման նպատակով կատարվող աշխատանքների և միջոցառումների համալիր.
նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.
հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված սերմեր.
տնտեսական օգտակարության պետական փորձարկում` լիազորված մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական օգտակարությունն ու արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ.
օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտ.
սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.
սերմերի հավաստագրում` սերմերի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ցուցանիշների` տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սերմերի արտադրության հերթագայությամբ սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).
հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ հողակտորների վրա սերմերի ցանքի և մշակաբույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի որոշակի սորտին պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազորված մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր.
դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով` մշակաբույսերի վարակվածության որոշման միջոցառումներ.
ապրոբատոր՝ սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող.
սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը և տնտեսական օգտակարությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների համալիր.
մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, կարտոֆիլ, կերային, յուղատու, եթերայուղատու, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, հատապտղային բույսեր, խաղող, ծառեր, թփեր, սնկեր.
լիազորված մարմին` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմին: