Հոդված 17. Փոստային կապի օբյեկտների և միջոցների տեղաբաշխումը
Հոդված 17. Փոստային կապի օբյեկտների և միջոցների տեղաբաշխումը
Բնակավայրերի զարգացումը պլանավորելիս քաղաքային և գյուղական համայնքների, մարզերի, ինչպես նաև բնակելի շենքերի և պլանավորման կառուցվածքի այլ տարրերի շինարարության և վերակառուցման ժամանակ պետական քաղաքաշինության նորմատիվներին և կանոններին համապատասխան պետք է նախատեսվեն փոստային կապի օբյեկտների տեղակայման համար շենքերի, ինչպես նաև տարածքների նախագծում և շինարարություն:
Փոստային կապի օբյեկտների տեղակայման համար նախատեսված հողամասերը հատկացվում են պետական կարիքների համար` հողերի հատկացման կարգով:
Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների տեղակայման համար հողամասերի հատկացումն իրականացվում է լիազորված մարմնի միջնորդությամբ: Լիազորված մարմինը հանդես է գալիս որպես համապատասխան աշխատանքների պատվիրատու:
Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների համար հատկացված հողամասերը կարող են տրամադրվել մշտական (անժամկետ) անհատույց օգտագործման համար:
Փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից և տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալման համար նախատեսված վճարներից և վարձավճարներից:
Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների շինարարության համար հողամասերը պետք է տրամադրվեն բնակավայրերի կենտրոնական մասում` ապահովելով համապատասխան պայմաններ տրանսպորտային միջոցներով փոխադրվող փոստային առաքանու փոստափոխանակման համար:
Փոստային կապի ազգային օպերատորի փոստային կապի օբյեկտների տեղակայումն ավտոկայանների, երկաթուղային կայանների և օդակայանների մոտ կատարվում է տեխնոլոգիական նորմաներին համապատասխան:
Տեղական ինքնակառավարման մարմինները փոստային կապի ազգային օպերատորին տրամադրում են գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքներ, ըստ տեխնոլոգիական նորմաների՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշվող կարգով և պայմաններով:
Փոստային բաժանորդային պահարանները բազմահարկ բնակելի շենքերում տեղադրում են շինարարական կազմակերպությունները: Փոստային բաժանորդային պահարանների ձեռքբերման և տեղադրման ծախսերը ներառվում են այդ շենքերի շինարարության նախահաշվում:
Բնակելի շենքերում փոստային կապի ծառայություններից օգտվողները փոստային առաքանի ստանալու համար փոստային բաժանորդային արկղերը տեղադրում են սեփական միջոցների հաշվին:
Փոստային կապի ազգային օպերատորը իրավունք ունի հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար անհատույց փոստարկղեր տեղադրելու բնակելի և վարչական շենքերի պատերին և հարմար այլ վայրերում` նախապես համաձայնեցնելով բնակելի և վարչական շենքերի սեփականատիրոջ հետ:
Փոստային կապի օբյեկտներում այլ կազմակերպությունների տեղակայումը թույլատրվում է փոստային առաքանու և դրամական միջոցների պահման անվտանգության և փոստային կապի գաղտնիության ապահովման պայմանով, ինչպես նաև եթե այդ տեղակայումը չի խաթարում և չի խոչընդոտում փոստային կապի ծառայությունների մատուցումը:
(17-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-32-Ն)