Հոդված 10. Փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները
Հոդված 10. Փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
Լիազորված մարմինը՝
ա) իրականացնում է փոստային կապի բնագավառում պետական քաղաքականություն.
բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզավորում.
գ) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերը, թեման.
դ) սահմանում է փոստային վճարման պետական նշանների նմուշները, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները և կազմակերպում է դրանց հրատարակումն ու տարածումը.
ե) սահմանում է փոստային օբյեկտների դասիչները.
զ) սահմանում է նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականությունը և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները.
է) ապահովում է գործող փոստային կապի ցանցերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում.
ը) իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների և փոստային կապի ծառայությունների մատուցման կանոնների կիրառման նկատմամբ հսկողություն.
թ) իր իրավասության սահմաններում իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը փոստային կապի միջազգային կազմակերպություններում.
ժ) աջակցում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների շուկայում ազատ և հավասար մրցակցությանը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
ժբ) հաստատում է փոստային կապի օպերատորների փոստային կապի երթուղիները և չվացուցակները.
ժգ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.05.11 ՀՕ-157-Ն)