Հոդված 18.1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները և դրանց ձևավորման սկզբունքները
Հոդված 18.1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները և դրանց ձևավորման սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները սահմանում և վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով):
2. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքներն են`
ա) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.
բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
դ) ծառայությունների տեսակներով և առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը.
ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:
3. Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձևավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:
(18.1-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-173-Ն)