Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պաշտոնի իջեցում.
4) կոչման իջեցում մեկ աստիճանով.
5) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է քրեակատարողական վարչության պետը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողի, ինչպես նաև քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական տեսչության ծառայողի նկատմամբ կիրառելու միջնորդությունը քրեակատարողական տեսչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է քրեակատարողական վարչության պետին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը և քրեակատարողական հիմնարկների ղեկավարները (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ):
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաև քրեակատարողական տեսչության պետը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ չի կիրառվում:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ: