Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) արտահերթ կոչման շնորհում.
5) կրծքանշանով պարգևատրում:
2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական վարչության պետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:
(35-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)