Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27 դեկտեմբերի 2000 թ.

ք. Երևան N 767

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշման 2-րդ կետի, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թ. հունիսի 19-ի N 362 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության» (8-րդ կետ), մայրական մահացության դեպքերի կապակցությամբ տեղեկատվության հաղորդման և մասնագիտական վերլուծության անցկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

1. Մայրական մահացության դեպքերի կապակցությամբ տեղեկատվության հաղորդման և մասնագիտական վերլուծություն անցկացնելու կարգը (կցվում է):

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կ. Սարիբեկյանին`

համակարգի առողջապահական մարմինների ղեկավարներին և բուժհաստատությունների տնօրեններին ապահովել «Մայրական մահացության դեպքերի կապակցությամբ տեղեկատվության հաղորդման և մասնագիտական վերլուծություն անցկացնելու կարգի» մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին`

կազմակերպել սույն հրամանի տպագրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության լրատու» պաշտոնաթերթում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Զեյնալյանին`

ստանձնել սույն հրամանի կատարման հսկողությունը:

Նախարար` Ա. Մկրտչյան

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարության

2000 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 767 հրամանով

Կ Ա Ր Գ

ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

1. Սույնով կանոնակարգվում է մայրական մահացության դեպքերի կապակցությամբ տեղեկատվության հաղորդման և մասնագիտական վերլուծություն անցկացնելու գործընթացը:

2. Մայրական մահացության գրանցման բոլոր դեպքերում (հղիության, ծննդաբերության և հետծննդյան 42 օրերի ընթացքում), անկախ նրանից մահը վրա է հասել ստացիոնարում, թե տանը, դիակները պարտադիր ենթակա են հերձման:

3. Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք առողջապահության ոլորտում համարվում է արտակարգ և մահն արձանագրող բուժհաստատության ղեկավարը (տնային մահվան դեպքում տարածքային սպասարկման), իսկ նրա բացակայության դեպքում փոխարինողը, անհապաղ` բանավոր, իսկ 3 օրվա ընթացքում նաև գրավոր, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

4. Մայրական մահվան յուրաքանչյուր դեպք 3 շաբաթյա ժամկետում ենթակա է վերլուծության` տվյալ բուժհաստատության (մարզային առողջապահական մարմնի մասնակցությամբ) մասնագետների կողմից` անհրաժեշտության դեպքում ներգրավելով այլ մասնագետների:

5. Մեկամսյա ժամկետում բուժհաստատության ղեկավարը (իսկ բացակայության դեպքում` փոխարինողը) ապահովում է մայրական մահվան դեպքի հետ առնչվող բժշկական փաստաթղթերի կամ դրանց լուսապատճենների (մահացածի հղիության հսկողության քարտ, ծննդաբերության կամ հիվանդության պատմություն, հերձման արձանագրություն, մարզային առողջապահության վարչության կամ բուժհաստատության կողմից դեպքի վերլուծության արձանագրություն և այլն) ներկայացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ապահովվում է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի մասնագիտական հանձնաժողովային վերլուծությունը:

7. Մահվան յուրաքանչյուր դեպքի մասնագիտական վերլուծության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստեղծվում է հանձնաժողով` հանրապետության առաջատար մասնագետների ընդգրկմամբ:

8. Նախարարության մասնագիտական հանձնաժողովը մահվան դեպքը վերլուծում է առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում կատարվում է լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություն (հերձման փորձանմուշների, հյուսվածքաբանական պատրաստուկների և այլն):

9. Մասնագիտական հանձնաժողովային վերլուծության արդյունքներն ամփոփվում են գրավոր զեկուցագրի ձևով, որում պարտադիր արտացոլվում է մասնագիտական վերլուծության վերջնական եզրակացությունը, անհրաժեշտ առաջարկություններով:

10. Նախարարության մասնագիտական հանձնաժողովի վերլուծության արդյունքները քննարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում, որին մասնակցում են բոլոր պատասխանատու և խնդրին առնչվող կողմերը և անձինք:

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հրամանով:

12. Սույն կարգի 2-10 կետերի նշված դրույթները պարտադիր իրականացվում են մայրական մահվան բոլոր դեպքերում, անկախ մահը գրանցվելու վայրից, հանգամանքներից և քաղաքացիների կողմից նախարարություն կամ այլ կազմակերպություն, այդ թվում և դատախազություն, ներկայացված դիմում-բողոքի առկայության կամ բացակայության փաստից:

13. Եթե մայրական մահվան դեպքը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, ապա նախարարության մասնագիտական հանձնաժողովը իրավասու է ծանոթանալու դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

14. Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում մայրական մահվան դեպքի վերլուծման արդյունքներն ամփոփվում են արձանագրության մեջ, որտեղ նշվում է`

նիստի ամսաթիվը և անցկացման վայրը

քննարկվող հարցի բովանդակությունը

տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին

հարցի քննարկմանը մասնակցող անձանց կարծիքները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները

հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերի անվանացանկը

նախարարության մասնագիտական հանձնաժողովի վերլուծության հիմնական բովանդակությունը

խորհրդի կայացրած եզրակացությունների և առաջարկությունների բովանդակությունը:

15. Խորհրդի նիստի արձանագրությանը կցվում են նախարարության մասնագիտական հանձնաժողովի զեկուցագիրը, բժշկական բոլոր փաստաթղթերի լուսապատճենները:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

27 մարտի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10001069

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։