Հոդված 3
Հոդված 3
Համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը
1. Համատեղ վերահսկիչ միջոցառումներն անցկացվում են յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր անդամ պետության լիազորված մարմնում և բոլոր անդամ պետությունների տարածքներում պետք է ավարտվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից ոչ ուշ։
Անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի ներկայացուցիչների՝ համատեղ վերահսկիչ միջոցառումներ անցկացնելու նպատակով գործուղման ծախսերը կատարվում են այդ անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին։
2. Համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու համար կազմվում է համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։
Հաշվետու տարվա ծրագիրը մշակվում է անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից, որը համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու տարում նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի։
Ծրագրով սահմանվում են համատեղ վերահսկիչ միջոցառման առարկան, օբյեկտները, այդ միջոցառման շրջանակներում լուծվող հարցերը, օբյեկտներում դրա անցկացման ժամկետները, անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներից կազմված՝ վերահսկողության համատեղ խմբի կազմը (այսուհետ՝ վերահսկողության համատեղ խումբ), անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների (խորհուրդների, լիազորված անձանց) (այսուհետ` համատեղ կոլեգիա) համատեղ նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը։
Ծրագիրը համաձայնեցվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հետ և հաստատվում դրանց ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։
Այն անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները, որոնց տարածքներում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը, իրենց պետությունների լիազորված մարմիններ են ուղարկում ծրագիրը՝ կցելով նշված միջոցառման կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
3. Անդամ պետությունների լիազորված մարմինները վերահսկողության համատեղ խմբի անդամների համար ապահովում են աշխատանքի պատշաճ պայմաններ (ապահովում են լիազորված մարմնի տարածք մուտքի հնարավորությունը, տրամադրում են առանձին տարածք, օրգտեխնիկա, կապի ծառայություններ) և աջակցում են համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման գործում։
Վերահսկողության համատեղ խմբի անդամները որոշում են այս կամ այն վերահսկիչ գործողությունների իրականացման, տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ձևերի ու եղանակների, վերլուծական ընթացակարգերի անցկացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկությունների և ապացույցների հավաքումն ապահովող տվյալների ընտրանքի ծավալը։
Վերահսկողության համատեղ խմբի անդամները պարտավոր են պահպանել գտնվելու վայրի պետության օրենսդրությունը, ինչպես նաև վերահսկիչ միջոցառումների անցկացման՝ այդ պետությունում կիրառվող կանոններն ու ընթացակարգերը։
4. Անդամ պետությունների լիազորված մարմինները վերահսկողության համատեղ խմբի անդամներին տրամադրում են ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրմանն ու բաշխմանը, անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ դրանց փոխանցմանն առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր։
Եթե համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման համար անհրաժեշտ է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններից և ազգային (կենտրոնական) բանկերից լրացուցիչ տեղեկատվություն ու փաստաթղթեր ստանալ, ապա այն անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը, անդամ պետությունների այդպիսի կենտրոնական մաքսային մարմիններ և ազգային (կենտրոնական) բանկեր հարցումներ են ուղարկվում համապատասխան տեղեկատվության ու փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ։
Հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը կամ պարզաբանումները (հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրելու անհնարինության դեպքում) անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի հարցման մեջ նշված ժամկետներում ուղարկվում են այն անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը։
Հարցվող փաստաթղթերը տրամադրվում են թղթային կրիչով՝ պատճենների տեսքով և (կամ) էլեկտրոնային տեսքով։
5. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության ու փաստաթղթերի՝ թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային տեսքով փոխանցումն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը։
Նշված տեղեկությունները չեն կարող առանց այդ տեղեկությունները տրամադրած լիազորված մարմնի, կենտրոնական մաքսային մարմնի կամ ազգային (կենտրոնական) բանկի գրավոր համաձայնության օգտագործվել դրանց հարցման և տրամադրման նպատակներից բացի այլ նպատակներով։ Այդ տեղեկությունների հրապարակման պատասխանատվությունը սահմանվում է այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացի է տվյալ տեղեկությունները հրապարակած անձը, և անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերով։