Հոդված 13. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
Հոդված 13. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
1. Հյուրանոցային ծառայությունները մատուցվում են բացառապես հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կարող են որակավորվել։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը կամավոր է։
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը սահմանում է Կառավարությունը։
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով ընտրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի։
5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը հաստատում է Կառավարությունը։
6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պահանջը համարվում է բավարարված, եթե դրանք ունեն Կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող միջազգային որակավորում։
7. Մրցույթով ընտրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը ընտրվելուց հետո իր կանոնադրության փոփոխությունները համաձայնեցնում է Կոմիտեի հետ, եթե այդ փոփոխությունները կարող են հանգեցնել կամ ազդեցություն ունենալ որակավորման գործառույթի վրա։
8. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթը չկայանալու, մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչվելու կամ այլ հիմքով մրցույթի միջոցով ընտրություն կազմակերպելու անհնարինության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը իրականացնում է Կոմիտեն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։