Հոդված 15. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջները
Հոդված 15. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Կառավարությունը սահմանում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններ և պահանջներ:
2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ծանուցման հետ պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոններին և պահանջներին իր համապատասխանության վերաբերյալ։
3. Զբոսաշրջային օպերատորը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման հետ պարտավոր է ներկայացնել սույն հոդվածով նախատեսված երաշխիք, եթե նախատեսում է մատուցել արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ։
4. Արտագնա զբոսաշրջային գործակալը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման հետ պարտավոր է ներկայացնել երաշխիք, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի։
5. Արտագնա զբոսաշրջային գործակալը չի ներկայացնում երաշխիք, եթե առաջարկում կամ վաճառում է բացառապես զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթները կամ այդպիսի ծառայություններ է մատուցում զբոսաշրջային օպերատորի անունից։
6. Զբոսաշրջային օպերատորի և արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից ներկայացվող երաշխիքի ձևը, նպատակը, չափերը, պարբերականությունը, ներկայացման կարգը, երաշխիքի տեքստի օրինակելի ձևը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու և երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանում է Կառավարությունը։
7. Զբոսաշրջային օպերատորը և արտագնա զբոսաշրջային գործակալը կարող են ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և լիցենզավորված բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների տրամադրած երաշխիքներ, եթե այդ երաշխիքները բավարարում են սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով երաշխիքների համար սահմանված պայմանները։
8. Երաշխիքը հետկանչման ենթակա չէ։ Երաշխիքով ապահովվում են սպառողների նկատմամբ զբոսաշրջային օպերատորի կամ արտագնա զբոսաշրջային գործակալի ստանձնած պարտավորությունները։
9. Երաշխիքով, որպես պարտատեր (բենեֆիցիար), հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական լիազոր մարմնի։ Երաշխիքով պահանջը երաշխիք թողարկած անձին Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնում է պետական լիազոր մարմինը։
10. Երաշխիքով պահանջ ներկայացվում է, եթե երաշխիքը ներկայացրած զբոսաշրջային օպերատորը կամ արտագնա զբոսաշրջային գործակալը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում կամ հրաժարվում է կատարել սպառողի հանդեպ ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով անհնար է դարձել զբոսաշրջիկի կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձի մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կամ վերադարձը Հայաստանի Հանրապետություն։