Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 20. Զբոսաշրջային ծառայությունների մատուցման արգելքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Զբոսաշրջային ծառայությունների մատուցման արգելքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է մատուցել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ, եթե զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մտադրություն ունեցող անձը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով չի ծանուցել։

2. Զբոսավարը կարող է գործունեություն իրականացնել որպես՝

1) անհատ ձեռնարկատեր կամ

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, եթե զբոսավարի ծառայություններ մատուցում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի հիման վրա։

3. Զբոսավարը կարող է մատուցել միայն զբոսավարի ծառայություն, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի։

4. Անհատ ձեռնարկատեր հանդես գալու դեպքում զբոսավարն այլ զբոսաշրջային ծառայություններ կարող է մատուցել, եթե բավարարում է զբոսաշրջային ծառայության տվյալ տեսակի համար սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցել է։

5. Ուղեկցորդը կարող է գործունեություն իրականացնել որպես՝

1) անհատ ձեռնարկատեր կամ

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, եթե ուղեկցորդի ծառայություններ մատուցում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի հիման վրա։

6. Ուղեկցորդը կարող է մատուցել միայն ուղեկցորդի ծառայություն, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի։

7. Որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու դեպքում ուղեկցորդն այլ զբոսաշրջային ծառայություններ կարող է մատուցել, եթե բավարարում է զբոսաշրջային ծառայության տվյալ տեսակի համար սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցել է։

8. Արգելվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնել մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում՝ նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից, եթե առաջարկներ ներկայացնող անձն իրավունք չունի մատուցելու զբոսաշրջային ծառայություններ։

9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները զբոսաշրջիկ չհանդիսացող անձանց և հանրության անդամներին կարող են մատուցել սննդի կազմակերպման և կացության հետ չառնչվող այլ ծառայություններ։

10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելիս կամ գովազդելիս արգելվում է տրամադրել հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակի կամ որակավորման կարգի մասին սխալ, կեղծ, ապակողմնորոշող կամ մոլորեցնող տեղեկատվություն կամ նշաններ:

11. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջիկներին մատուցել զբոսաշրջային ծառայություններ այն անձանց միջոցով կամ այն տրանսպորտային միջոցների օգտագործմամբ, որոնք զբոսաշրջային ծառայության տվյալ տեսակի համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով չեն ծանուցել կամ չեն որակավորվել կամ չեն ապահովել այդ ծառայությունների մատուցման կամ գործունեության նման տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ որակավորմանը, ծանուցմանը, ծառայությունները մատուցող անձի կազմակերպաիրավական տեսակին կամ գործունեությանը ներկայացվող այլ հատուկ պահանջներ։

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցել, առաջարկել կամ իրացնել կամ զբոսաշրջիկներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել զբոսաշրջային ավտոբուս չհանդիսացող ավտոբուսով։

13. Արգելվում է զբոսաշրջային ավտոբուսը շահագործել առանց սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած ձևի նշանը զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա՝ տեսանելի հատվածում փակցնելու։

14. Սույն օրենքով սահմանված պահանջների չպահպանմամբ զբոսաշրջային ծառայությունների մատուցումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։