Հոդված 23. Զբոսաշրջային փաթեթի պայմանագրի պարտադիր դրույթները
Հոդված 23. Զբոսաշրջային փաթեթի պայմանագրի պարտադիր դրույթները
1. Զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը պարունակում է հետևյալ պարտադիր դրույթները.
1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառման) և, որպես ծանուցված գործունեություն, հաշվառման համարը.
2) զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը և իրականացման ժամկետները.
3) զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները, այդ թվում`
ա. տրանսպորտային միջոցների տեսակը,
բ. ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը,
գ. սննդի կազմակերպման պայմանները,
դ. տեսարժան վայրեր այցելության ծրագրերը, մշակութային և այլ միջոցառումներ (առկայության դեպքում).
4) զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի մանրամասներով, գնի փոփոխման հանգեցնող հանգամանքների և այդ մասին սպառողին տեղեկացման ժամկետների ձևակերպմամբ.
5) վճարման կարգը, ժամկետներն ու պայմանները.
6) պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կողմերի պատասխանատվությունը.
7) զբոսաշրջային ապահովագրության վերաբերյալ տվյալները (եթե առկա են).
8) անչափահասներին մատուցվող ծառայությունների դեպքում՝ երեխայի կամ պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները.
9) սպառողների իրավունքների, պարտականությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
10) մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետը, եթե պայմանագրով փաթեթի իրականացման համար սահմանված է անհրաժեշտ նվազագույն քանակով մարդկանց առկայություն.
11) անձնագրերի, ժամանման կամ տարանցիկ երկրների մուտքի և ելքի հետ կապված պահանջների ու ձևակերպումների (արտոնագրերի, սահմանային անցման, մաքսային և այլ ձևակերպումների) մասին տեղեկատվություն.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ տեղեկատվություն:
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է սահմանել զբոսաշրջային փաթեթի պայմանագրի օրինակելի ձևեր։
3. Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե զբոսաշրջային փաթեթի պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ), կամ սպառողի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ զբոսաշրջային գործունեության սուբյեկտը փոխանցված գումարը չի փոխանցել այլ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա զբոսաշրջային փաթեթի պայմանագրով կարող է սահմանվել զբոսաշրջային փաթեթի վաղաժամկետ լուծման վճար՝ հաշվի առնելով նախքան զբոսաշրջային փաթեթի մեկնարկը պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար նախատեսված ծանուցման ժամկետը, ինչպես նաև ակնկալվող խնայված ծախսերը և այլընտրանքային զբոսաշրջային ծառայություններ մատուցելու դիմաց ստացված եկամուտները։
5. Հրապարակային պայմանների բացակայության դեպքում պայմանագրի լուծման վճարը համարժեք կլինի փաթեթի վճարի և զբոսաշրջային ծառայություններից օգտվելու համար խնայված ծախսերի ու եկամուտների հանրագումարի տարբերությանը։ Սպառողի հարցմամբ զբոսաշրջային օպերատորը պարտավոր է տրամադրել գրավոր հիմնավորում վաղաժամկետ լուծման վճարի չափի վերաբերյալ։
6. Կոմիտեն կարող է հրապարակել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված՝ զբոսաշրջային փաթեթի լուծման վճարի հաշվարկման մեթոդաբանությունը։
7. Զբոսաշրջային փաթեթի գինը կարող է փոփոխվել բացառապես այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված են դրա հիմքերը և պայմանները, որոնք բացառապես պայմանավորված են հետևյալ փոփոխություններով.
1) տրանսպորտային ծառայությունների գների` կապված վառելիքի կամ այլ էներգակիրների գների փոփոխության հետ.
2) հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների.
3) տարադրամի փոխարժեքի:
8. Զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող բարձրացվել առանց սպառողին զբոսաշրջային փաթեթի մեկնարկից առնվազն 21 օր առաջ համապատասխան հաշվարկներով հիմնավորված ծանուցման:
9. Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացումը պայմանագրի գնի 8 տոկոս և ավելի կազմելու դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և հրաժարվելու փաթեթից առանց տուգանք վճարելու:
10. Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացման դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտն իրավունք չունի սպառողից պահանջելու հավելյալ վճար, եթե զբոսաշրջային գործունեության սուբյեկտի մեղքով սպառողի վճարած գումարը ժամանակին չի փոխանցվել զբոսաշրջային ծառայությունները մատուցող երրորդ անձանց, բացառությամբ եթե սպառողը ցանկություն է հայտնել վճարելու գների տարբերություն։