Հոդված 6. Զբոսաշրջության կոմիտեի լիազորությունները
Հոդված 6. Զբոսաշրջության կոմիտեի լիազորությունները
1. Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) զբոսաշրջության բնագավառում սույն օրենքով սահմանված լիազորություններ կրող իրավասու պետական մարմին է։
2. Կոմիտեն՝
1) մշակում և պետական լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում սույն օրենքով Կառավարության և պետական լիազոր մարմնի կողմից հաստատման (սահմանման) ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ.
2) մշակում է զբոսաշրջության բնագավառի ռազմավարությունը, զարգացման տարեկան ծրագրերը, ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցները և ծրագրերի իրականացման միջոցառումների ծախսերի նախահաշիվները, ապահովում դրանց իրականացումը և մշտադիտարկումը.
3) տեղական ինքնակառավարման մարմինների քննարկմանն է ներկայացնում զբոսաշրջային կենտրոնի կամ զբոսաշրջային գյուղի կարգավիճակի հայտարարման համար անհրաժեշտ առաջարկներ.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ առաջարկություններ.
5) վարում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանը.
6) վարում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը․
7) միջազգային համագործակցության շրջանակներում մշակում և իրավասու պետական կառավարման մարմնի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության բնագավառում միջգերատեսչական պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը.
8) կազմակերպում է զբոսաշրջությանն ուղղված տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեություն.
9) մշակում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ գովազդի բովանդակությունը և պատասխանատու է իր կազմած կամ պատվիրած գովազդներում, թերթոններում, հրապարակումներում տեղ գտած տեղեկատվության բովանդակության ճշգրտության, դրանցում վիրավորանք, զրպարտություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ կնքված պայմանագրերի դրույթները խախտող տեղեկատվություն ներառելու համար.
10) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարցումների հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվություն.
11) զբոսաշրջության բնագավառում ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործունեություն.
12) հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործունեություն՝ համագործակցելով համապատասխան լիազոր մարմնի հետ.
13) իրականացնում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և զբոսաշրջային փորձառությունների որակավորում.
14) ապահովում է որակավորված զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և զբոսաշրջային փորձառությունների պարբերական գնահատման աշխատանքները․
15) իրականացնում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակում զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործունեություն.
16) իրականացնում է մարկետինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ.
17) ներկայացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքը (այդ թվում՝ գովազդատեղեկատվական նյութերը)` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարկետինգի և հասարակության հետ կապերի այլ միջոցներով.
18) պետական իրավասու կառավարման մարմին է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջային կենտրոններում, զբոսաշրջային գյուղերում և զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող այլ վայրերում տնտեսական և քաղաքաշինական գործունեության չափորոշիչների վերաբերյալ.
19) հաստատում է իր պաշտոնական կայքի վարման կարգը.
20) իրականացնում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ: