Հոդված 12. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ
Հոդված 12. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելն իրականացվում է ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության:
Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների վրա, որոնք ստացել (մշակել) են այդ տեղեկությունները:
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով:
Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մշակվում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաև տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները:
Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը վավերացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում և ենթակա է հրապարակման:
Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`
ա) պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք.
բ) ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:
Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից: Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն:
(12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 06.03.12 ՍԴՈ-1010 որոշմամբ)