Հոդված 3
Հոդված 3
1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության նպատակով, որը Հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու և ավելի անդամ պետությունների տարածքում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա, Պայմանագրի XVIII բաժնին (այսուհետ՝ մրցակցության կանոններ) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Շուկան անդրսահմանայինների շարքին դասելու չափորոշիչներին համապատասխան Հանձնաժողովը ձեռնարկում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներ, որոնք ողջամտորեն բավարար են ճանաչվում, եթե՝
1) բացառվում է երրորդ անձանց հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը՝ առանց դրա տիրապետողի համաձայնության,
2) ապահովվում է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության օգտագործման՝ դրա հրապարակումը բացառող հնարավորությունը։
2. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներով պետք է ապահովվի՝
1) գաղտնի տեղեկատվության հասանելիության կարգի և դրա հետ վարվելու կարգի խախտման հնարավորության կանխարգելումը,
2) գաղտնի տեղեկատվության չարտոնված հասանելիության և (կամ) գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունք չունեցող անձանց՝ դրա փոխանցման կանխումը,
3) գաղտնի տեղեկատվության չարտոնված հասանելիության ժամանակին հայտնաբերումը և կասեցումը,
4) գաղտնի տեղեկատվության պաշտպանվածության մակարդակի ապահովման նկատմամբ մշտական հսկողությունը,
5) գաղտնի տեղեկատվության մշակման տեխնիկական միջոցների վրա ազդեցության չթույլատրումը, որի արդյունքում խախտվում է դրանց գործառությունը,
6) գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստացած անձանց և այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել է գաղտնի տեղեկատվությունը։
3. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության ընթացակարգերը սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման) հետ աշխատելու կարգում (այսուհետ՝ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգ)։
4. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը պետք է պարունակի դրույթներ, որոնցով, ի թիվս այլոց, կանոնակարգվում է՝
1) գաղտնի տեղեկատվություն պարունակող մտից և ելից փաստաթղթերի հետ աշխատանքը,
2) գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և փոխանցումը,
3) գործավարության իրականացումը խորհրդակցությունների ընթացքում գաղտնի տեղեկատվություն քննարկելիս,
4) մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի՝ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութերին ծանոթանալը (այդ թվում՝ գործերի քննությանը մասնակցող անձանց կողմից),
5) գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորության և սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստերով ծառայողական ստուգման անցկացումը,
6) գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստացած անձանց և այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել է գաղտնի տեղեկատվությունը։
5. Գաղտնի տեղեկատվությունը, որը մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովն ստացել է անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանցից, անդամ պետությունների պետական իշխանության այն մարմիններից, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), և անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմիններից, կարող է Հանձնաժողովի կողմից օգտագործվել բացառապես այն նպատակներով, որոնց համար այդ տեղեկատվությունը ներկայացվել է:
Անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանցից ու անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից երրորդ անձանց հնարավոր է միայն դրա տիրապետողի գրավոր համաձայնությամբ՝ բացառությամբ լիազորված մարմիններին գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքի՝ Պայմանագրին համապատասխան նրանց վրա դրված լիազորությունների իրականացման նպատակներով:
Մի անդամ պետության լիազորված մարմնի կողմից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից մյուս անդամ պետության լիազորված մարմնին հնարավոր է միայն գաղտնի տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:
6. Տեղեկատվությունը կորցնում է գաղտնի լինելու կարգավիճակը, եթե անձանց անորոշ շրջանակին այդպիսի տեղեկատվությանն ազատ հասանելիություն է տրամադրվել դրա տիրապետողի կողմից:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. ԵՎՏՄԱՊ 17.12.21)