Հոդված 35. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կարգը
Հոդված 35. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կարգը
1. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ` ելնելով ծրագրից:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:
2. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտեր ներկայացնելու իրավունք ունեն սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ.
բ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհումն արգելված է ծրագրով.
գ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասն է և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է սեփականաշնորհման այդ ձեռնարկության հետ.
դ) եթե հաշվի չեն առնված տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման մասին:
4. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը իրականացվում է`
ա) աճուրդով կամ մրցույթով.
բ) սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մասը կազմող անավարտ շինարարության օբյեկտը այդ ձեռնարկության այլ գույքի հետ միասին` եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
Եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը հանդիսանում է սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ չի նախատեսված սեփականաշնորհել ձեռնարկության հետ միասին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն սեփականաշնորհվում է առանձին աճուրդով կամ մրցույթով:
5. Անավարտ շինարարության օբյեկտի գինը որոշվում է նրա նախահաշվային արժեքի, փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և օբյեկտի համար ձեռք բերված գույքի արժեքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, կողմից:
Անավարտ շինարարության օբյեկտները աճուրդով կամ մրցույթով սեփականաշնորհելու ժամանակ այդ գները համարվում են մեկնարկային:
Ծրագրով սահմանված անավարտ շինարարության առավել արժեքավոր առանձին օբյեկտների մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:
Ձեռք բերվող անավարտ շինարարության օբյեկտների համար վճարումը գնորդի ցանկությամբ կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ` ելնելով ծրագրում սահմանված սանդղակից:
Վճարման ձևը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով ծրագրից:
(35-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)