Հոդված 4. Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգը
Հոդված 4. Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգը
1. Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Պետական կառավարման լիազորված մարմինը երկրապահ կամավորականի կարգավիճակը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում:
3. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու նպատակով ֆիզիկական անձը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
4. Դիմումի ձևը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
5. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի տրվում, եթե`
1) չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր փաստաթղթերը.
2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
3) առկա է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մերժման հիմքը.
4) փաստաթղթերը ներկայացվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից ուշ:
6. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա միջգերատեսչական հանձնաժողովը դիմողին առաջարկում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ամբողջական փաստաթղթերը չներկայացնելու կամ նշված թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է:
8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով:
(4-րդ հոդվածը խմբ. 23.06.15 ՀՕ-86-Ն)