Հոդված 6. Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը
Հոդված 6. Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը
1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) նույնականացման քարտը կորել է.
4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
5) նույնականացման քարտը կեղծվել է.
6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) քաղաքացին նույնականացման քարտը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
8) անձը մահացել է:
2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ազատազրկման դատապարտված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, դատապարտյալի կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել դատապարտյալին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:
5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին: