Հոդված 6. Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը
Հոդված 6. Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը
1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) նույնականացման քարտը կորել է.
4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
5) նույնականացման քարտը կեղծվել է.
6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-130-Ն)
8) անձը մահացել է.
9) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.
10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն անձնագիրը փոխանակելու համար:
2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է լիազոր մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև ազատազրկման դատապարտված և կալանավորված քաղաքացիներին քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացուն` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ազատազրկման դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, վերջիններիս կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, վարչակազմը պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել նրանց:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:
5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-130-Ն, խմբ. 03.06.19 ՀՕ-54-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-469-Ն)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)