Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-30-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը

1. Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:

2. Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

3. 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

4. Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

5. Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

6. Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, լիազոր մարմին նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:

7. Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, անձնագիր տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

7.1. Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու և (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:

8. Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում լիազոր մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.11.13 ՀՕ-135-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-129-Ն, խմբ., լրաց. 08.12.21 ՀՕ-376-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-468-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։